Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/213

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րամիտ անձինք բառն ու նրան տված գաղափարը միմյանցից չեն զանազանում։ Թուրքերը թուղթը սուրբ են համարում և չեն կեղտոտում, ասելով՝ Ղուրանը թղթի վրա է գրված։ Ապացույց ասածիս, որ հիմա էլ, չնայած որ այդ բառը թողել եմ անփոփոխ, շատերն իմ չարախնդաց հակառակորդներից թե խոսքով և թե գրավոր գոչում են, թե ինչպես կարելի է թույլ տալ մի դասագիրք, ուր աստուած բառը տպված է աստւսծ… Մեկ հարցնող լինի դրանց, թե որտե՞ղ է տպված, և ո՞ր երեսում, կամ ցույց տվեք, և կա ամաչեցեք ձեր զրպարտության և ստախոսության համար։ Իսկ ես ցույց կտամ, որ ինձանից շատ դարեր առաջ գրել են ասաւած և ոչ ասսաւած: Էջմիածնում ես գտա Խորենացու պատմությունը՝ մի ընտիր գրչագիր, ընտիր մագաղաթի վրա, որ պատկանում է պ. Ս. Գասպարյանին, բայց ես տեսա պ. Կ. Կոստանյանի մոտ, և ուզածս փնտրելու համար սկսեցի թերթել և գտնել ամենայն տեղ՝ առանց բացառության՝ գրված աստւած, աստւածային, աստւածայնոց։ Էլ չեմ ասում, որ էջմիածնի մատենադարանում անթիվ կան, որոնց մեջ ու գրի տեղ ւ-ն միայնակ է գործածված, որով ստուգվում է մեր բազմահմուտ Բագրատունու ասածը, թե՝ «Միայնակ պիտառութիւն ւ գրոյդ խափանեալ է աո յետնովք եւ առ մեւք»։ Ի՞նչ է ասում այս։ Հետին ժամանակներումս են խափանել, ասում է, ւ-ի մենակ գործածելը և մեր ժամանակ։ Այս ասել է, որ Մխիթարյանները նույնպես մասնակցություն են ունեցել ւ գրի տեղ ու գրելումը։


Դ


Մինչև այստեղ մենք ուզեցանք ցույց տալ, որ վ և ւ հավասարազոր և հավասարաձայն գրեր են - մեկը հաստ չէ և մյուսը՝ բարակ, մեկը ձայնավոր չէ և մյուսը՝ բաղաձայն, ինչպես մինչև այսօր կարծել են մեր բոլոր դպիրներն ու դպրության ծառայողները։ Հիմա գանք դրանց նույնահնչունության պատմությունն անենք։


213