Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այս պահանջները շատ չեն, եթե ի նկատի ունենանք, թե որքան աղքատ է մեր գրականությունը ընտիր և մշակած նյութերի կողմից։ Այս պակասը պետք է լրացնե ինքը հորինողը, այդ շնորհքովը նա օժտված պետք է լինի։ Այս է պատճառը, որ գրականության մեջ մանկական բաժինը ամենից դժվարն է։

Ավելի հեշտ է թարգմանելը կամ փոխադրելը և ավելի ևս հեշտ՝ եղած դասագրքերից ծաղկաքաղ անելը, հյուսելը, ինչպես արել է մոտ օրերս ոմն Հ. Ճաղարբեկյանց և հրատարակել է Գյուտ քահանա Աղանյանց, թեև շատ անշնորհք և անճոռնի կերպով։ Այդ Ճաղարբեկյանցը սեփականացրել է իմ մեթոդը և մի տասնյակ գրվածքներ իմ ինքնուրույն աշխատություններից, որոնցից մի քանիսն աղավաղել է և մի քանիսն անարատ թողել։ Մի նույնքան հոդվածներ էլ վերցրել է Տեր֊Ղևոնդյանցի և Մանդինյանցի դասագրքերից, դարձյալ աղավաղելով մեծ մասամբ։ Իսկ ինչ որ ինքն է հորինել, աստված փրկի, ազատի, թե որքան անճաշակ բաներ են դրանք և մինչև անգամ անբարոյական։ Օրինակ, մի հոդվածում ծաղրի առարկա է շինում քահանային, որին գյուղացիք գցում են մի արջի բնի մեջ և այնտեղից դուրս քաշում գլուխը կտրված։ Այսպես տուն են տանում անգրլուխ տերտերին և տիրուհուն հարցնում, թե տերտերն անգլո՞ւխ է եղել, թե՞ գլխով։

«Չգիտեմ, պատասխանում է իրիցկինը, բայց իրիկունը հաց ուտելիս միրուքը տմբտմբում էր»։ Այս հանգամանքի վրա կարժեր, որ մեր ծխական ուսումնարանների նախագահ քահանաները ուշադրություն դարձնեին, եթե անբախտություն կունենան իրանց դպրոցում ընդունելու այդ գրաչարչիական արտադրությունը, որ կրթական գործի հետ ոչ մի կապ չունի։

Ժողովրդական անեկդոտների մեջ կան նաև բամբառակ անվանված ասացվածներ․ միթե կարելի՞ է դրանց դասագրքի նյութ շինել։ Կան նաև այնպիսի չափազանցրած երդիծական բաներ, որոնք մի գյուղացիների կողմից հորինվում են մյուս գյուղացիների դեմ՝ նրանց ջգրեցնելու համար։ Այդ Ճաղարբեկյանց պարոնը վերցրել է նաև այս տեսակ բաներ, ինչպիսին է աստրաբատցու և շամբցու առակը։

226