Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և հասկանում է, որ Մարկոսն է գնացել Երևան և ոչ Կիրակոսը, որ Մարկոսը Երևան է գնացել և ոչ Շուշի, որ Մարկոսը գնացել է և ոչ նստել կամ մնացել, պետք է այդքանով էլ բավականանալ։ Եթե քերականությունը մի այնպիսի ձեռնարկ է, որի օգնությունով երեխան պետք է հասկանա իր չհասկացածը, ապա քերականությունը գործ չպիտի ունենա այնտեղ, ուր չհասկացած բան չկա երեխայի համար։ Իսկ եթե այդ շատ պարզ և հասկանալի նախադասությունը կուզես ավելի լավ հասկացնել երեխային հարցուփորձելով— ո՞վ գնաց, ո՞ւր գնաց, ո՞վ ինչ արավ, — այդ բնավ չի նշանակիլ բանը լավ հասկացնել, այլ կնշանակե՝ երեխայի շատ լավ հասկացածը մթնացնել, երեխային շփոթել, շշկլեցնել։


Այս դեռ չարիքի փոքրն է, բայց երբ մեր պարոն հայկաբանները ճգնում են հավատացնել երեխային, թե Երևան բառը հայցական է և պնդում էլ են, որ դրանով զարգացնում են երեխաների միտքը, այդ արդեն չարիքի մեծն է։

Ախր մի բան, որ դեռ ինքը ասողը չի հասկանում, նա ի՞նչպես կարող է նույնը հասկացնել մի ուրիշին։ Այստեղ գեր է կատարում միայն հավատը։ Կրոնուսույցը երեխին հավատացնում է, որ Ղովտի կինը քար դառավ, լեզվի ուսուցիչն էլ հավատացնում է, որ Երևան՝ հայցական հոլով է։ Ում հոգսն է, որ այդպիսով երեխի միտքը նույնպես քար կդառնա, և ոչ թե կաճի, կզարգանա: Հայ քերականը հավատում է ռուս քերականին, սա էլ մի ուրիշին, և այսպիսով առաջ է գալիս ինչպես աստվածաբանների, նույնպես և քերականների մի նախապաշարված դասակարգ։


Ռուսաց լեզվի մեջ առանձին հայցական կա և Москва բառը դառնում է Москву, իսկ սրա տրականն է Москве: Բայց տեսեք, ռուս քերականը ի՞նչ է անում։ Միևնույն նախդիրը (в) դնելով երկուսի վրա էլ, մեկի անունը փոխում է, մյուսինը՝ ոչ։ Երբ որ Москву–ն դառնում է В Москву, անունը չի փոխվում, և մնում է հայցական, իսկ երբ Москве դառնում է в Москве, անունը փոխվում, դառնում է նախդրավոր։


Հայոց հին գրականության մեջ (չեմ ասում լեզվի) 232