Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/240

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

և տեսնելով, որ այլևս ոչինչ չունի կորցնելու, թույլ է տալիս իրան ամեն ինչ անելու, ամեն ինչ ասելու։ Եթե ոչ՝ ի՞նչպես կարելի է մի այդպիսի խայտառակ ոչնչություն, մի քոսոտ աղվեսի պոչ, որպիսին իր այբբենարանն է, նվիրաբերել մի որևէ անձի, թեկուզ նա չլիներ բարձրաստիճան ոմն։ Ինչպե՞ս կարելի է մոլորեցնել մի պատկառելի ընկերություն և կորզելով նրա պատվավոր անունը՝ շահագործել նրան իբրև մի ճարպիկ… (գտնել սրա գոյականը)։

Եվ ինչո՞ւ է շինել մի պոչատ և գլխատ այբբենարան, ինչո՞ւ չի շինել մի ամբողջ բան։

Ես կլռեի և ոչինչ չէի խոսիլ, եթե Մանդինյանը ուսուցչական շրջանից դուրս չբերեր և մանուկներին չտար իր այդ նոր բառավիժությունը։ Իմ գլխավոր նպատակս է ցանկապատել մանուկների շրջանը, որ նա ազատ մնա գիշատիչներից, գառնազգեստ գայլերից։

1909