Սակայն այս մեքենայական գործունեությունը ոչ մի արժեք չունի վերաբերությամբ երեխայի հոգու, ուր պետք է ավելի վսեմ հատկություններ որոնել զարգացնելու համար։
«Դասընկեր»-ի այբբենական մասը, որ բավական մեծ ծավալ ունի, հանուն էքսպերիմենտալ մանկավարժության անմիտ բառերի երկար շարքերի արտագրության է նվիրված և երեխայի հոգին մի կողմ շպրտված։ Երեխային կույր գործիք չպիտի շինել և ձեռքից բռնած ման ածել. նա չպետք է անգիտակցաբար և կուրորեն խարխափե իր դասը, ընդհակառակը՝ պետք է բանալ նրա հոգու աչքերը, որ նա ինքը գտնե իր ճանապարհը, պետք է այնպիսի ցուցմունքներ տալ, որ նա ինքը ստեղծագործն, ինքն անե իրեն պետք եղած գրերի գյուտը, որ իր միտքը գրի առնե։
Մանուկներին այսպես նախապատրաստելուց շատ և շատ հեռու են «Դասընկեր »-ի հորինողները, որոնք ահ ու դողով են մոտենում գրերին, մի տառից ավելի չեն տալիս, տպագրից խրտնում են, գլխատառեր չեն գործ դնում, մի խոսքով թե ուսուցիչներին են պահում կաշկանդված շարունակ և թե մանուկներին։
Մեր ժամանակ նոր ուսումնարան մտնող քաղաքացի երեխան, որ սովորաբար ութ տարեկանից պակաս չի լինում, արդեն գրաճանաչ է լինում, շատերը նույնիսկ գրում էլ են, թեև ոչ այնքան լավ, որ մտնեն երկրորդ բաժանմունք։ Եկ հիմա դրանց նստացրու և ամիսներով պապա, մամա արտագրել տուր։ Գյուղերում ևս, եթե նոր չէ դպրոցը, նույնպես գրագետ են լինում շատերը, այսինքն՝ գրաճանաչ են լինում դարձած որևէ եղանակով, թեև առանց դրան էլ մի երկու օրում գլխի են ընկնում, թե ինչ է գրել-կարդալը։ Երկու ամիս չանցած՝ նրանք ընդհանրապես կարդում են ամեն գիրք և նամակներ են գրում իրենց պանդուխտներին։ Բայց ինչպե՜ս է կատարվում այս հրաշքը, ահա՛ այս է խնդիրը։
Կպատասխանեմ։ «Դասրնկեր»-ի բացատրության մեջ ասված է, որ դասավանդելը պետք է սկսել խոսակցությությունից․ խոսակցությունը պետք է վերլուծել խոսքերի խոսքերը՝ բառերի, բառերը՝ վանկերի, վանկերը՝ հնչյունների։