Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/27

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

շատ անգամ, թե՝ իրավ է, ես այսինչ գիրքը կարդացել եմ, բայց այն ժամանակ ես ոչինչ չէի հասկանում, և հետևապես ոչինչ օգուտ չքաղեցի, կամ այսինչ գիրքը պատանեկությանս ժամանակ կարդալով ես ուրիշ կերպ էի հասկանում և նա ծռեց իմ գաղափարս։ Մեր այսպիսի խոստովանությունքը ակնհայտնի երևցնում են մեզ, թե որքա՞ն, որպիսի՞ և ե՞րբ ազդեցություն ունի գիրքը կամ գրականությունը ընթերցողի վերա։

Ընթերցանության միակ արժանավորությունն այն է, որ բաց է անում կարդացողի համար մեծամեծ շտեմարաններ անհատնում փորձերի։ Մարդը յուր տանը նստած՝ միակ կարդալու միջնորդությամբ պտտում է ամբողջ աշխարհը, բարձրանում է մթնոլորտ, մտնում է երկրի խորերը, ծովի հատակը, վայրենի ազգերն իրանց անմեղ վիճակի մեջ միամտությամբ ցույց են տալիս իրանց մտավոր զարգացման ստորությունը, լուսավորյալ ազգերը բաց են անում նորա առջև իրանց քաջագործությանց կենդանագիրը և մատնացույց լինում ավելի բարձր կետերի, դեպի ուր նոքա դիմում են հերոսական քայլերով… Բայց և այսպես սոքա բոլորը փորձեր են, որոնք այն ժամանակ միայն կարող են լայնացնել ընթերցողի հասկացողության շրջանակը, երբ ընթերցողի բնությունը նոցա մարսելու չափ զարգացումն ունի, այդ փաստերից, այդ հանգամանքներից ուղիղ հասկացողություն կազմելու կարողությունն ունի։ Թող գիրքը ունենա բարոյական բովանդակություն, դա ևս այն ժամանակ է կարող յուր նպատակին հարմար ազդեցությունը գործել ընթերցողի վերա, երբ դեպի այդ առաքինությունքը շատ կամ սակավ ձգտողություն ունի։ Եվ այս է պատճառը, որ միևնույն զանազան մարդկանց վերա զանազան տպավորություն է գործում. մինը կարդում է ծիծաղելով, մյուսը միևնույնը կարդում է արտասվելով, երրորդը բոլորովին անտարբեր կերպով։ Մովսես մարգարեի Եգիպտացուն սպանելը, նորա փախուստը, յուր հայրենակիցներին ազատելը՝ ոչինչ տպավորություն չէ գործում այն լսողի վերա, որ չէ զգում դեռևս, թե ինչ բան է ազգասիրությունը և ինչ տեսակ ալիքներ է բարձրացնում մարդուս սրտի մեջ այդ զգացմունքը, սակայն փոքրիշատե այդ զգացմունքն ունեցողի վերա մեծ տպավորություն