Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/276

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Եվ Բաղաամը Իսրայելին անիծելու փոխանակ օրօրհնում է…

Հիմա ես ձեզ մի առակ պատմեմ, դուք իմացեք նրա միջի բարոյականը. եթե չեք իմանա՝ ես ձեզ կօգնեմ.

Լինում է չի լինում մի ահագին գամփռ շուն, շատ ուժեղ և հավատարիմ, շատ արջեր և գայլեր խեղդած, շատ ոչխարի հոտեր գայլերից ազատած։ Բայց ինչպես ամեն կենդանի, մեր գամփռ Բողարն էլ է ծերանում։ Տերն այլևս չի մտիկ տալիս նրա ըռխին, քաղցած է թողնում, բայց նա չի հեռանում նրա դռնից, դարձյալ շարունակում է իր ուժի չափ ծառայել իր տիրոջը, նրա հավերն ազատել չաղալների հափշտակությունից, գող եկած ժամանակ հաչել։

Լինում է չի լինում մեր գամփռին ժամանակակից մի գայլ, որ գամփռի ուժեղ ժամանակ սաստիկ վախենում է եղել նրանից, բայց երբ լսում է, որ նա քաղցած, ուժից ընկած է, վազում է դեպի գյուղ հափշտակության, գողության, որովհետև մյուս շներից երկյուղ չի ունենում։ Գնում է գյուղ, մյուս շները ծակ ու ծուկ են մտնում, իսկ մեր գամփռը՝ չնայած իր քաղցածությանը, դուրս է գալիս կատաղի և գող գայլի դեմ. կռվում են և այդ կռվի մեջ մեր գամփռին խեղդում է գայլը։

Բարոյականը շատ պարզ է. գայլը մնում է գայլ, շունը մնում է շուն. մինն իբրև անձնազոհության չափ հավատարիմ իր տիրոջը, մյուսը իբրև գայլ հափշտակող. մինն իբրև առաքինության ներկայացուցիչ, մյուսը' մոլության։

Այս առակը տպված է «Արձագանք»-ումը։ Սրա հեղինակը ուզեցել է ծաղրել առաքինությունը և մրցանակը մոլությանը տալ։ Շունն այստեղ ես եմ, իսկ գայլը՝ հեղինակն ինքը։ Եվ ինչո՞ւ է հակառակորդիս սուրն այսպես հակաշրջված։ Մեր նոր Բաղաամը ինչո՞ւ է Իսրայելին անիծելու փոխանակ՝ օրհնում։ Նրա համար, որ տերի հրեշտակը, որ առաքինության պաշտոնն է, հրեղեն սուրը ձեռին կանգնած է առաքինության դահիճների առջև։

Առաքինությունը, սիրելի մանուկներ, այնպիսի մի բան է, որ եթե կրակը ձգես չի հալվիլ, այլ ավելի կզտվի, եթե ջուրը ձգես, չի լուծվի, այլ ավելի կմաքրվի. եթե ցեխի մեջ ձգես,