Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/277

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

չի ապականվիլ, այլ ավելի կփայլի։ Այս մասին կարող չեն հասկացողություն ունենալ այն մարդիկը, որոնք առաքինի եղած չեն։ Առաքինությունը ցածրից սկսում է դեպի վեր բարձրանալ, մինչև հասնում է երկինք։ Իսկ մոլությունը նույնպես ցածրից է սկսում, այսինքն երկրի երեսից, բայց դեպի վեր չի բարձրանում, այլ գլորվում է դեպի ցած և ցած, մինչև հասնում է դժոխքի հատակը։ Կարդացեք նշանավոր եղեռնագործների կյանքը, և կտեսնեք, թե ինչպես նրանք առաջին փոքրիկ չարագործությունը ավելի մեծ չարագործությունով են ուզում թաքցնել, այն էլ նրանից մեծով, և այսպես հետզհետե ավելի խոշոր և խոշոր չարագործություն են անում, մինչև հասնում են չարագործության անդունդը։ Իսկ առաքինին փոքրիկ բարեգործությունից սկսում է, հետզհետե ավելի մեծ բարեգործություն է անում, մինչև վերջապես իր բարեգործության գագաթը հասցնում է մինչև երկինք։

Ցանկալի է, որ մեր կյանքի մեջ, հասարակական կյանքի մեջ, մոլիների թիվը պակասեր և առաքինի անձանց թիվը շատանար, բայց այս սպասել կարելի չէ, մինչև մոլությունը, անազնվությունը, խաբեությունը, անամոթությունը և այլն, չվերանար մեր գրականությունից: Եթե գրականությունը դառնա մի միկիտանխանա, ի՞նչ կդառնա իսկական միկիտանխանան։ Եվ այսօր թերթեր կան թե՛ հայերեն և թե՛ օտար, որ ուրիշ բան չեն, եթե ոչ միկիտանխանայից էլ ստոր մի գառագիղ։ Եվ ոչի՞նչ, մեր մեջ անց է կենում և դեռ փաստաբան ընթերցողներ է ունենում։