ՄԻ ԵՐԵՍ ՄԵՐ ՆՈՐԱԳՈԻՅՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԻՑ
(Իմ հիշատակարանից)
Ջնջվեց ստրկությունն ամբողջ Ռուսաստանում։ Գլուխների ազատությունը առաջ բերավ և ուղեղի ազատություն։ Գրականության երեսին քաշած խավար վարագույրը ետ քաշվեց, և մարդիկ սկսեցին նրա մեջ տեսնել իրանց թշվառությունը, տգիտությունը, մեկ խոսքով իրանց սեփական պատկերը բոլոր այլանդակ գծերով։ ինչպես մի դաժան ձմրան հաջորդե մի գեղեցիկ գարուն, և ամենայն ինչ սկսե արագ-արագ աճիլ ու զարգանալ, այսպիսի մի փոփոխություն եղավ ահագին պետության մեջ։ Այս մի ողորմություն էր, մի շնորհ, որ իջավ երկնքից իբրև մի պտուղ, որ հասնելուց հետո ինքն իրան կաթում է և ընկնում մարդկանց առաջը։ Այդ ողորմությունը ազատարար Աղեքսանդր կայսրի ձեռքով տարածվեց իր բոլոր հպատակների վրա, ուրեմն և հայերի։ Սակավ ստրուկներ չկային և հայերից, որոնք վրացոց հետ խառն կենում էին Վրաստանի զանազան խորշերում, թեև ոչ ոք մեզանից հետաքրքիր չեղավ իմանալու, թե որչափ էր նրանց թիվը և որպիսի վիճակում էին գտնվում։ Կարեկցության ոգին վերանում է այն տեղից, ուր թշվառությունն ընդհանուր է լինում։ Այդպիսի դեպքերում բնական մարդիկը երկու դասակարգի էին բաժանվում— գազաների: