Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/285

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատերը լավ նշան չէին համարում և վատ ապագա էին գուշակում։ Մեզանում այսպիսի մի նախապաշարմունք կա,— եթե մի հոգեվարք հիվանդ, վերջին շունչն ընկած` հանկարծ նոր ուժ է ստանում և առողջանում, այդ համարվում է վատ նըշան և վտանգավոր նույն գերդաստանի համար, որովհետև եթե նա ազատվեց մեռնելուց, ուրեմն ուրիշները պիտի մեռնեն նրա փոխարեն։ Այս նախապաշարմունքին հավատացողները կարծում են, որ մահը կարելի է մեկի տեղ մյուսին տալ։ Սա իր հիմքն ունի անշուշտ ժողովրդի նախնական կյանքումը, և այսօր էլ շատ մայրեր իրանց սիրելի որդուն մերձիմահ տեսնելով, պտտվում են նրա գլխովը, որով ուզում են նրա մահն իրանց վրա առնել։ Եթե շատ տեղ չեն պտվում այլևս, բայց հին ասացվածները դեռևս շարունակում են ասել, ինչպես—ցավըդ տանեմ,— չարըդ տանեմ,— ղադեդ առնեմ,— գլխովըդ պիտի գամ... Այսպես մեր ժողովրրդի մեջ կարգե դուրս լավ դեպքը, լավ պատահմունքը տխրություն է առաջ բերում և վտանգի կասկած։ Եղավ որ մեկի արտը սովորականից բեղմնավոր եղավ, այդ կնշանակե նրա տերը նույն տարին պիտի մեռնի, որովհետև լավը գլխակեր է, տիրոջ գլուխը կուտե, լավ զավակը չի ապրիլ լավ աղջիկը փորձանքի առիթ կդառնա, լավ ձին` տիրոջ սպանության։ «Լավ բանն աչքով կուտանա։ «Լավից լավ բան չի կարելի սպասել»... Եվ արդարև , այդպես է եղել միշտ, թշվառ ժողովուրդը լավը վայելել չի կարողացել, խեղճ մարդըն ինչ իրավունք ունի սիրուն կին ունենալ, քյահլան ձի, պարտքի տեղ— հարստություն, ցնցոտիների տեղ— զարդարանք... Նրա փափախը մեծ պիտի լինի, որովհետև գլխին խփելու են միշտ, շոգ ժամանակն էլ նա մուշտակ պիտի հագնի, որովհետև տարվա ամեն եղանակին էլ նրան մտրակելու են։ Հին գզիրները իրանց հագուստով ժողովրդի ստըրկական վիճակն էին ներկայացնում, հին գետնափոր տները` նրանց խախուտ և փոփոխական վիճակը։ Ժողովրդի նիստ ու կացի և խոսք ու զրույցի մեջ ամբողջ դարերի պատմություն կա ամփոփված։ Ստրկական վիճակից նոր ազատված ժողովուրդը մի կողմից: