Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/291

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինձ ապահով զգացի գտնվելով մի երկնային հովանավորողթյան տակ։ Բայց տեսնելու բան էր, ինչպիսի՝ պատկառանքով էին վերաբերվում իմ դիմաց հեռու նստած խոշոր մարդիկը դեպի այն անձը, որի կողքին միայն ես էի արժանացել նստելու, չնայած, որ այդ ժամանակ դեռ ստրուկներն ազատված չէին Ռուսաստանում։ Այսքանը բավական է կարծեմ իմանալու համար, թե ուրեմն որպիսի մարդ կլիներ Հախվերդյանը։ Երբ հեռացա այդ մարդու մոտից, մի ամբողջ շաբաթ ես գժվածի պես էի, ես գտնվում էի մի բոլորովին երեվակայական աշխարհում։ Այնուհետև իմ մտավոր զարգացման ընթացքը այլ ուղղություն ստացավ, դեպի վսեմը և բարձրը, այնուհետև ես խեղդվում էի ստոր վարուց տեր մարդկանց մթնոլորտում, պահանջում էի, որ ամենքն էլ մի մի Հախվերդյան լինին, բայց հետևանքն այն էր լինում, որ ես դառնում էի մարդկանց աչքում մի ինքնահավան և կոպիտ արարած։ Եկ հասկացրու դրանց, որ կոպտություն չէ իմ վարմունքս, այլ միայն մի պահանջ, որ դուք, ով պատվական պարոններ, մի փոքր ազնիվ լինիք, անկեղծ լինիք և մարդու վայել մարդավարություն ունենաք։


Ժամանակի բարի ոգին արևի պես մի բան է. նա երբ որ զարթում է, արեգակի պես է հագում, իր լույսը սփռում է ամենի վրա. ամենքն էլ տաքանում են՝ որը քիչ, որը շատ, նայած թե որն է արևադեմ գտնվում, և որը ծմակում․ աճում է աճելու ընդունակը, և չորանում՝ չորանալուն։


Միևնույն միտքը, միևնույն գաղափարը միաժամանակ արծարծվում են իրարից շատ հեռու եղած տեղերում։ Այս է պատճառը, որ ժամանակակից մարդիկ բոլորն էլ միևնույն բանն են ասում, միայն այլ ձևերով և բառերով։ Միտքը թռչելու հատկություն է ունեցել միշտ, բայց մեր դարում մարդկային միտքը էլեկտրականության վրա հեծած, մարմին առած թռչում է աշկարա և մի ակնթարթում աշխարհիս բոլոր մասերը իրար հետ կապում։ Ինչ որ մեր մտքովը չի անցել, կանցնի մի ուրիշի մտքով, և լույսի պես կտարածվի ամենի վրա։ Ինչ որ այսօր անհնարին է, վաղը հնարավոր է դառնում, որովհետև այդ հնարքը եթե մի աշխարհում չի գտնվում, գտնվում է մի այլ աշխարհում և դառնում ամենի սեփականություն։


291