Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/294

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ ես էլ սրանց չափ բան գիտենամ»... Թե նրանք շատ հետամուտ էին ժողովրդի կյանքին, գիտեին հետազոտել, ուսումնասիրել, գրա ապացույցն այն է, որ դրանցից մեկը (Մ. Քոչարյանց ) առաջինը հավաքեց հայկական առածները և տպեց «Կռունկի» մեջ, Գ. Տեր֊Աղեքսանդրյանի «Թիֆլիսի մտավոր կյանքը» Երիցյանի հնագետ դառնալը և այլն։ Եվ թե այն ժամանակը ինչպես էին նայում ժողովրդի կյանքի վրա, այստեղ բերենք նրանց խոսակցությունից մի կտոր, որին ես ունկնդիր էի։ Մայիսին էր, 186... թվականի։ Երկու պատանի, գիմնազական հագուստով նստել էին Թամամշեվի քարվանսարի երրորդ հարկի պատշգամբում և ն այելով հրապարակումն անց ու դարձ անող մարդկանց վրա, իրանց հասկացողությունով որոշում էին, թե ով ինչ մարդ կլինի։ — Նայիր այն փորը հաստ մարդու վրա, այնքան չաղացել է, որ հազիվ է կարողանում ման գալ։ Դա երևի շատ է հարստացել։ — Երևի շատ փող ունի, որ այդ ահագին փորը լցնում է... բայց դիտե՞ս, հիմա հաստ փոր ունենալը մոդա է վաճառականների համար։ Դրանք Մոսկվայում հաստափոր վաճառականների հանդիպելով, այն եզրակացությանն են եկել, որ ում փորը հաստ չէ, նա կարող չէ հարուստ լինել։ Շատերը փալասներով փաթաթում են փորները, որ հաստ երևան, որ իրանց հավատացող և ապրանք ու փող տվող շատ լինին։ Շատերն ուրիշի փողերովն են հաստացնում փորները, հետո սուտ սնանկանում։ Նայիր ահա այն մյուս հաստափորին... Ասում են տասնհինգ միլիոն մանեթ փող ունի, բայց ազգային որևէ հաստատության համար տասնըհինգ դոոշ չի տալիս, այնքան խոզ է... — Հենց խոզի նման էլ է, վզին նայիր, չի կարողանում այս ու այն կողմը թեքել. խոզի նման ամբողջ մարմնով է շուռ ու մուռ գալիս։ Բայց տեսնում ես այն բարձրահասակ մարդուն, որ գլխին շլյապա ունի. երևի դա մի ուսումնական մարդ է և գուցե նոր է եկել Ռուսաստանից կամ արտասահմ անից։ — ինչ ուսումնական, դա մի խոհարար է... Հիմա ով չի: