Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեռնի, ուխտասեր ժողովուրդը նրա գերեզմանի վրա հող չի թողնի։ Ամեն մեկը մի բուռ տանելով, շարունակ կքանդենք գիտե, գուցե և հին ժամանակի պես մաս-մաս անեն նրա մարմինը և այդ մասունքները տարածեն ամեն տեղ...

  Երուսաղեմում Հայրիկի մոտ մնացի երկու շաբաթ, և նրա հրամանով պտտեցի ամեն կողմ, մի քանի տեղ էլ իր հետ գնացինք ես ու իր եղբորորդի Խորենը, որն ինձանից մի քանի օր առաջ էր եկել Հայրիկի մոտ։ Երբ որ Հայրիկը մեր առաջն էր ընկնում և հառաջ շարժում իր հսկայական քայլերը, ես ու Խորենը ծիծաղելով վազում էինք նրա հետևից երեխաների նման։ Այս հայը, ինչպես լավ է նկատել պ․ Արծրունին, թե մանուկ ու թե վիթխարի է։ Քաջալանջ, լայնաթիկունք և հաստաբազուկ, իսկ հասակով մեր զորապետ էագարյանին է հիշեցնում, միայն Հայրիկի կազմվածքը ավելի բարեձև է և շատ թանկագին օրինակ մի ճարտար արձանագործի համար։ Մտավորապես Հայրիկը ոչ միայն զարգացած է, այլև անընդհատ զարգանում է։ Ոչ միայն ուսումնասեր էք այլև չափից դուրս հարցասեր. ուզում է ամենայն բան իմանալ, ամեն մի նորագույն վարդապետություն, նորագույն ուսմունք իր ուշադրությունը գրավում է և լսում է շատ սիրով։ Լսելիս՝ կարծես զարմանում է մի կողմից մարդկային հանճարի բեղմնավորության վրա, մյուս կողմից կարծես համեմատում է իր ազատ մտմտուքների հետ։ Հավատում է գիտության ուժին և նրա ապագա փառավոր հաղթանակին։ Իսկ երբ որ ինքն է պատմում իր տեսածների մասին Եվրոպայում, լսողը միայն սքանչանում է նրա դիտողության ուժի և արած սուր նկատողությունների վրա։ Բարոյապես՝ Հայրիկը հիշեցնում է Քրիստոսի ձկնորս առաքյալներին։ Ատելով ատում է ամենայն պատեպատ, մանվածո, սեթևեթ, և ինչպես ինքն է ասում ճղճիմ մեկնություններն ու բացատրությունները, և որքան շատ է կարդացել այդպիսի բաներ, այնքան շատ է զզվել։ Քրիստոնեական կրոնը, ասում է Հայրրիկը, որ եկավ մեզ ազատելու դարավոր գերությունից, այդ դարձավ և նրա նշանաբանը։ Այդ կրոնին բռնակալի դեր տրվողները բռնակալներ են միայն…


314