Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/32

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Դաստիարակի օգնությունը ահա այստեղ է հարկավորվում։ Յուր գործին հմուտ դաստիարակը երեխաների զգայարաններին ենթարկելով այնպիսի փորձեր, որ դյուրահաս է նոցա բնությանը, օգնում է միևնույն ժամանակ, որ նոքա նոցանից ուղիղ հասկացողություն կազմեն, և այսպիսով վարժում է նոցա ուղիղ դատելու մեջ։ Միտք զարգացնելու գլխավոր պայմանն այն է, որ նախ՝ արհեստական կերպով չհաղորդվի երեխային այնպիսի փորձ, որո պահանջմունքը դեռևս նորա մեջ չլինի. երկրորդ՝ այդ տպավորությունքը նույնությամբ ետ ստանալու պայմանավ չհաղորդվի նորան, այլ այն նպատակով, որ դոքա նորա մտքի զարգացման համար նյութ դառնան, բանան նորա միտքը, վարժեն նորան ուղիղ դատել։ Թե աշակերտներին ոչինչ չպետք է ընդունել տալ կուրորեն, այդ կանոնը պիտի պահպանվի նույնիսկ այբուբեն սորվեցնելու օրից. բավական չէ, որ աշակերտը այբ ասելու փոխանակ ասե ա՜, այլ հարկավոր է առաջ ու առաջ նախապատրաստել նորան ըմբռնելու, թե ինչ բան է այդ ա-ն: Աշակերտը պիտի հասկանա, մարսե ամենայն բան, ինչ որ սովորում է վարժապետից, որպեսզի նա ոչ թե մի անշունչ բառագիրք դառնա, այլ նախապատրաստվի լինել կենդանի և առողջ դատողություն ունեցող խելոք մարդ։ Ասում ենք նախապատրաստվի լինել և ոչ թե ուղղակի լինել, և այս հետագա պատճառով։ Ուսումնարանը