անվանելու պատճառն այն է, որ նրա այժմյան բնակիչները անցյալ դարի վերջերում գաղթել են Ղարաբաղի Խաչեն մհալից և այստեղ ասվել Խաչենցիք։ Գյուղացիք մինչև այսօր էլ պահպանել են իրանց բնիկ մհալի թե՛ բարբառը և թե՛ սովորությունները։ Պապս գաղթել է Խաչենի Սեյդի–շեն գյուղից, ուր նա հայտնի է եղել իբրև Աղանց Վերդի։ Ես դեպք ունեցա այցելել այդ գյուղը և տեսա աչքովս Աղանց աղբյուրը, Աղանց ձորն ու բաղը և Աղանց ճըղպրեն (ընկուզենին)։ Այդ ծառը ես որ տեսա՝ մի ահագին կոճղ էր, բոլորովին չոր, բայց գյուղացիք այդ վաղեմի հիշատակը չէին ուզում ոչնչացնել։ Մեր ցեղից միայն մի պառավ կին կար Միզունց Արությունի տանը։
Հայրս Աղանց Ստեփանն էր, իսկ մայրս՝ Հռիփսիմեն (Հուռի), Տեր֊Անդրիասյանների տանից։
Այդ ժամանակ ծննդյան մատյաններ պահելու սովորություն չկար. մեկի ծննդյան տարին հիշում էին նույն տարին պատահած մի որևէ նշանավոր դեպքով։ Իմ ծննդյան տարին նշանավոր դեպքը եղել է այն, որ Մեծ֊Մասիսը շարժվել է և Ակոռին տակովն արել, իսկ այդ պատահել է 1840 թվականին։ Մայրս ասում էր, թե քեզ մկրտել ենք մեծ պասումը, Ղազարոսի հարության տոնին, քո ծնվելուց ութ օր հետո։ Այս բանին ես կարևորություն չտալով` չեմ հետաքրքրվել ստուգելու, թե այդ տարին քրիստոսի բարեկամը ո՛ր ամսի քանիսի՛ն է հարություն առել։
Իմ մանկությունն ու պատանեկությունը ես մանրամասն նկարագրել եմ «Արություն և Մանվել» վեպիս մեջ։ Այդ վեպի Արությունը ես ինքս եմ։ Դրանում բաց եմ թողել միայն մի սովորականից դուրս պատահած դեպք, որ սակայն կենսագրական տեսակետից մեծ նշանակություն ունի։ Այդ դեպքը իմ մանկական սիրահարությունն է, որ մեծամեծ աղետների պատճառ դարձավ և սկիզբն դրավ այն հալածանքին, որին ենթարկեց ինձ հայրս։ Ես չգիտեի դեռևս, որ մեզանում նույնիսկ ամուսնական սերը մի դատապարտելի հանցանք է, և դա է եղել Քրիստոսի խաչվելու միակ պատճառը։ Սակայն սուրբ էր իմ սերը, անմեղ, անարատ, անիմանալի և անգիտակից։ 326