Մինչև այդ ժամանակ ես, որ մի հրաշք էի գեղացոց աչքումը իմ բնատուր շնորհքովս, այդ հանգամանքի պատճառով դարձա մի հրեշ։ Չնայած տասը տարեկան հասակիս, ես միամիտ էի խենթության չափ, մինչդեռ այդ հասակում բոլոր իմ ծանոթ երեխեքը շատ սատանա էին և խորամանկ։ Խենթությունս այն աստիճանի հասավ, որ ես սկսեցի իմ լսած հեքիաթների հերոսների պես ջունուն դառնալ և սար ու ձոր թնդացնել իմ սիրուհու անունով։ Ես այդ ժամանակ մհ փոքրիկ Դոն֊Քիշոթ էի, նրա պես խենթ, բայց նրա պես էլ անվեհեր և երևակայող… Ամառը, երբ Մայիկոն սարումն էր լինում, ես ոչ մի բանից չվախենալով՝ վեր էի կենում կես գիշերին և թաքուն փախչում նրա մոտ։ Սովորական ճամփով չէի գնում, որ տեսնող չլինի, այլ խոր ձորերով և խիտ անտառներով, որոնք լիքն էին ամեն տեսակ գազաններով… Երբ բանը այս չափազանցությանը հասավ, իմաց տվին հորս, նա էլ ապսպրեց, որ ինձ տանեն մեր տուն, ուր ինքը գիտեր, թե ինչպես կխրատեր ինձ։
Ճարըս ինչ, պետք է գնայի, և գնացի։ Հայրս երեսիս չնայեց բնավ։ Մայրս ինձ պաշտպանելոլ համար մի քանի անգամ ծեծվեց։ Իմ մանկական սերն իմ մեջ դարձավ մի տեսակ հոգեկան ցավ և սկսեց մաշել ինձ։ Մայիկոյիս կարոտը քաշելով՝ սկսեցի օրեցօր նվազիլ։ Որքան նվազում էր մարմինս, այնքան դյուրագրգիռ և դյուրազգաց էի դառնում և այնքան քնքշանում։ Կոպիտ գործ ու խոսք տանել չէի կարողանում, ուրիշների թշվառ վիճակը, նրանց աղքատությունը, մերկությունը, տկարությունը այնքան ունեցողների վրա չէին ազդում, ինչքան ինձ վրա, որ միայն ականատես էի։ Այս դյուրազգացությունն իմ մեջ մի տեսակ տկարություն դառավ, մի տեսակ ցավ։ Մի առավոտ մայրս իմ ձեռքով մի բաժին կերակուր ուղարկեց մի հիվանդ օտարականի համար։ Հիվանդը շատ զգացվեց և լաց եղավ։ Պատմեց, թե ինքն էլ ունի ինձ պես երեխեք, որ եթե մեռնելիս լինի, նրանք որբ պիտի մնան, և սկսեց ինձ օրհնել. «Դու շատ շնորհալի տղա ես,— ասաց,— և ժամանակով շատ լավ և շատ երևելի մարդ կդառնաս»։ Ես չկարողացա լացս պահել։ Երբ դուրս գնացի, մինչև կեսօր մայրս չկարողացավ իմանալ, թե ինչու եմ