լաց լինում. հենց որ ուզում էի պատմել, հեկեկանքը խեղդում էր ինձ, չէի կարողանում ուղիղ խոսք արտաբերել։ — Լա՛վ, Լա՛վ, հանդարտվիր,— ասաց մայրս,— հետո կպատմես… Իսկ հետո պատմեցի, որ այն ղարիբ մարդը շատ հիվանդ է, պահող չունի, հաց տվող չունի, պետք է հոգ տանել նրա վրա։ Մայրս գթոտ կին էր, խնդիրս անտես չարավ, բայց այնուամենայնիվ այն մարդը մեռավ և իմ հիշողության մեջ թողեց մի անջնջելի հետք։
Իմ նվազելուս հետ նվաղում էր և սնունդս։ Շատ կերակուրներից այնպես էի զզվում, որ նայել երեսներին չէի կարող, գինի չէի կարող բերանս առնել, մրգերի նույնիսկ ծառիցը զզվում էի, փըռըշնին տեսնելիս գլուխս ցավում էր, սղոց սրելիս պետք է շատ հեռու փախչեի, որ ձայնն ականջս չընկներ, և չսարսռեի բոլոր մարմնով։ Այսուամենայնիվ Մայիկոն մտիցս չէր ընկնում։ Նորանոր երգեր էի հորինում, որոնց մեջ կարոտս էի հայտնում ինչպես Քյարամն իր կորած Ասլուն։ Գիշերները տեսնում էի երազումս, ուրախությունիցս զարթնում էի իսկույն, բայց տեսնելով, որ երազ է, սկսում էի լաց լինել։ Լացիս իսկական պատճառը չէի հայտնում, ասում էի՝ գլուխս է ցավում։ Բայց մեկ օր հայտնեցի մորս։ Մայրս կարծելով, որ աղջկա մայրն ինձ կախարդել է, հորս խնդրում է, որ գիր անող մոլլաներին դիմե և ինձ փրկել տա այս ցավից։— Գիր–միր հարկավոր չէ,— պատասխանել էր հայրս,— ես ինքս շատ լավ գիր կանեմ։ Եվ ճշմարիտ, մի գիշեր էլ, երբ ըստ սովորության սկսեցի լաց լինել և սուս չկացա, հայրս վեր կացավ, մի փափուկ ճիպոտ վեր առավ, որ իր լավ գիրն անի ինձ վրա, ես իսկույն վեր թռա տեղիցս, և շապկանց ու ոտաբոբիկ փախա մինչև գեղի ներքի թաղը՝ քեռանցս տունը, ուր ինձ պատսպարեցին, իմանալով բանի հանգամանքը։ Մայրս ինձ այդտեղից փախցնել տվավ քաղաք— Թիֆլիս— քրոջս մոտ, ուր և մնացի մինչև մտա Ներսիսյան դպրոց 1853 թվականին։ Այդտեղ ինձ ընդունեցին նախավերջին դասարանը, բայց ինչ որ ավանդվում էր այդտեղ, ես արդեն գիտեի, այնքան ողորմելի մի բան էր այդ ուսումնարանը, թեև Շանշյանն էր տեսուչը։ Իմ այստեղի դպրոցական կյանքը ես նկարագրել եմ