Յոթը տարուց հետո ես ընկա մի տպարանական ձուլարան իբրև աշակերտ, որ այդ արհեստը սովորեմ։ Այս բանը ես արի ոչ թե գիտակցաբար, ոչ թե արհեստի նշանակությունն ըմբռնելով՝ այլ անգիտությամբ։ Կյանքի մեջ — թե դուրսը սար ու ձոր ընկած, և թե քաղաքի մեջ, ամբողջ յոթը տարվա ընթացքում ավելի քան յոթն անգամ յոթը տեղ մտնելուց և դուրս գալուց հետո հիմա էլ մտա ձուլարան նույն անգիտակցությամբ և նույն աներևույթ Զորության դրդմամբ, որ ինձ ման էր ածում իբրև մի կույրի, այնքան միայն խնամք տանելով, որ ես խորխորատների մեջ չընկնիմ։ Խավար էր այդ ժամանակ մեր աշխարհը, շատ էր խավար. լուսավոր մարդուն պետք էր լապտերով փնտրել։ Ոչ գիր, ոչ գրականություն, այլ ստրկություն, ճորտություն, գերություն, բռնություն — մի դժոխք իր բոլոր դիվական և ճիվաղական հրեշներով։
Հայտնի է, որ տառ ձուլելը, երբ այժմյան արագաշարժ և դյուրաշարժ մեքենաները չկային և ամեն ինչ ձեռքով էր շինվում, մի տաժանելի աշխատություն էր պահանջում, բայց այդ տաժանալի աշխատության մեջ շունչ քաշեցի ես այնպես ազատ և քաղցր, ինչպես Անդերսենի անճոռնի բադիկը, երբ հավի ու կատվի ձեռից ազատվելուց հետո ընկնում է ջրի մեջ և լողում իր ուզածի չափ, կամ ինչպես Ադամը, երբ դժոխքից ազատվում է և նստում Քրիստոսի կողքին Ձիթենյաց սարի վրա։ Սրանից պետք է գուշակել, թե որքան տաժանելի պիտի լինին եղած, ուրեմն, անցած յոթը տարվան քաշած օրերս։
Ձուլարանն ինձ համար դրախտի փոխարկողը եղավ
նրա տերը, որ էր պ. Համբարձում Էնֆիաճյանցը։ Սա մեկ օր՝ դիպվածաբար՝ տեսավ իմ մի քանի ոտանավորներս, որոնց վրա նոր ձուլած տառեր էի ածել իբրև անպետք թղթերի վրա, դուրս քաշեց այդ թղթերը և սկսեց կարդալ։ Գրածներս երգիծաբանություններ էին նույնիսկ ձուլարանում