կատարվող ծիծաղելի անցքերի վրա, որոնց մեջ ամենից թունդը խոհարարի մասին գրածս էր։ Նրա մեջ ցույց էի տվել, թե ինչպես նա մեզ աշակերտներիս անմարս բաներով է կերակրում և այն էլ շատ նվազ, չնայած որ ահագին ծախք է ցույց տալիս։ Հենց նույն օրը դուրս արավ խոհարարին և ավելի լավը բերավ։ Այդ օրվանից սկսեց ինձ վրա առանձին և լուրջ ուշադրություն դարձնել՝ ինձ մի նոր գյուտ համարելով։ Ամեն կիրակի և տոն օրերին հրավիրում էր տուն ճաշի, գրքեր էր տալիս կարդալու, իր գրած նամակները, որ այդ ժամանակ շատ էր գրում Մխիթարյանների վրա ձուլարանի և տպարանի մասին, ինձ էր արտագրել տայիս։ Ջնջեց ինձ հետ արած պայմանը, որով տարեկան պիտի ստանայի հիսուն մանեթ և վարձ նշանակեց ըստ աշխատության, որով տարեկան ստացա փոխանակ հիսուն մանեթի, վեցհարյուր մանեթ և ավելի ևս։ Երբ տպարանը բացվեց և ես սկսեցի շարել առանց վարպետի, նա ինձ տվավ աշակերտներ, որոնք ինձ համար էին շարում, իսկ ռոճիկն ինքն էր տալիս։ Աշակերտներ ունենալով՝ ես ժամանակ էի վաստակում ընթերցանությամբ պարապելու։
Այս ժամանակ ահա, երբ իմ բարի համբավը հասավ գյուղ, հայրս եկավ ինձ մոտ, հաշտվեց ինձ հետ և արտասուքն աչքերին բացականչեց.
— Փա՜ռք իմ ստեղծողին, որ քեզ ջուր ու կրակ գցելուց հետո վերջապես օրինավոր մարդ շինեց։ Ապրես, որդիս, ապրես, հիմա կարող եմ ասել, որ իմ հարազատ ծնունդն ես, իմ սիրելի զավակս։ Ես էլ քիչ դառն օրեր չեմ քաշել, ես էլ գժություն շատ եմ արել, բայց դու չափն անցկացրիր, այնպես որ ես չէի կարող ուրիշ կերպ վարվել, ուրեմն ներելի է և իմ վարմունքս դեպի քեզ։
— Իհարկե ներելի է, — ասացի, — հայր։ Ամեն բանի մեջ աստուծո մատը կա, եթե դու այնպես չվարվեիր, ես էլ այսպես չէի դառնալ կամովին։
Ահա այս փոփոխությանս և իմ հոր ասելով «օրինավոր մարդ» դառնալուս համար ես պարտական եմ պ. Համբարձում Էնֆիաճյանցին, մինչև այդ ժամանակ առաջին անգամ ինձ պատահած միակ լավ մարդուն։ Դրա շնորհիվ ես