Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/338

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բարեխոս չլիներ մեզ համար։ Այս պատճառով ահա ես վախենում էի աստուծուց, բայց չէի սիրում նրան, իմ պաշտելին մայր աստվածածինն էր։ Ես հիմա ատելով ատում եմ այդ բարեխոսության հավատը և ամենայն տեսակ միջնորդություն։ Անսահման բարի հոր և նրա որդոց մեջ ոչ մի միջնորդության հարկ չկա. նա մեզ սիրում է առանց միջնորդի, և մենք էլ պետք է սիրենք նրան ամենայն սրտով և հոգվով, առանց երկյուղի։ Այս է իմ ներկա հավատը և կցանկանայի, որ ամենքն էլ այսպես հավատան և այսպես հավատացնեն իրանց զավակներին և աշակերտներին, որովհետև այսպես պետք է լինի ճշմարիտ քրիստոնեի հավատը, այսպես է ուսուցել մեր կրոնի հեղինակն ու հիմնադիրը, որդեգրելով մեզ հորն երկնավորի։

Շնորհակալ եմ աստվածանից, որ ինձ շատ շուտ մոտեցրեց իրան և ազատելով ինձ ամեն տեսակ բարեխոսներից ու չարախոսներից, ուղղակի յուր հովանավորության տակ առավ, յորում կամ և մնամ ցմահ և ետ մահու… Ես իմ բոլոր գոյությամբս այս հավատի արդյունքն եմ, չեմ ունեցել մի այլ խնամակալ և հովանավոր՝ բացի աստվածանից։ Ես կցանկայի, որ ամեն ոք՝ իր երջանկության համար՝ այս հանգամանքի վրա լուրջ ուշադրություն դարձներ։ Թող այս հավատը ամեն անհատի մեջ դառնա մի անջնջելի նախապաշարմունք, հոգեկան ցավի պես մի բան, առավել լավ. դա կծառայե անհատի երջանկությանը։ Երկու հակառակորդից հաղթողը նա կլինի, ով որ ավելի կզգա, որ աստուծո աներևույթ օգնությունն իր հետ է. այդ հավատից զուրկը կզրկվի և հոգեկան ուժից, այն ուժից, որ հավատի հետ աճում և զորանում է և անհավատության հետ թուլանում և հանգչում։

Երջանիկ կարող է լինել այն ազգը միայն, որ գիտե, թե ոչ մի չարիք աստվածանից նրան չի հասնում և երբեք էլ չի հասնիլ ոչ մի դեպքում։ Իսկ եթե ներկայացնե իրան, թե աստված իր գլխին բարկացել է և պետք է հրով ու սրով ջնջել տա աշխարհի երեսից մի քուրդի կամ թուրքի ձեռով, այդ հավատը նրան իսկապես էլ կջնջի։ Ուրեմն անհատի և ազգի բախտը նրա հավատալիքների որպիսությունիցն է