Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/346

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եմ՝ «Պռոշյանցը թեև շատ արագ է գրում, բայց գրածներն անմիտ բաներ են լինում»։ Ինքը Պոոշյանցն էլ եկավ վրաս կռիվ, թե դու ինչու ես այնպես գրել, որ նրանք ծուռ հասկանան։ - Հոգիս, - ասացի, - էս ի՞նչ մեղավոր եմ, որ նրանք ուղիղ հայերենը չուզենան ուղիղ հասկանալ։


Պետք է ասեմ, որ ես Պռոշյանցին հիշում եմ դեռևս Ներսիսյան դպրոցում, երբ նա վերջին դասատանն էր, և անկարելի է չհիշել, որովհետև մեր վարժապետները բոլոր աշակերտներիս մատով էին ցույց տալիս նրան, որ դպրոցի ծաղիկն էր և ամենից հառաջադեմր։ Ինչպես ես մեր գյուղումը իմ հատը չունեի, այնպես էլ Պռոշյանցը Ներսիսյան դպրոցում չուներ իր հատը, բայց այդ դպրոցի շնորհքը չէր, այլ իր տաղանդի, իր ստացած մանկական հարուստ պաշարի, իր մայրենի լեզվի։ Դպրոցի ուղղությունը երևում էր ավելի Մուրադյանի մեջ, որի իդեալը մի կողմից Հակոբ վարժապետն էր, մյուս կողմից Շանշյանը, մինչդեռ Պռոշյանցը նույն ուսուցիչներին հարգելով հանդերձ, իր մտքի ազատ թռիչքով շատ ետ էր թողել իրանից։ Պռոշյանցը այսօր չի պատականում անձնապահպանողական կուսակցությանը, բայց եթե քվեարկելու լինեինք, մեծամասնությունը նրանց կարգը կձգե և ինքն էլ այդ կհամարի երկուց չարեաց փոքրագույնը։ Պռոշյանցի ետ մնալու պատճառը նրա վատառողջությունն էր, նրա կուրծքի թուլությունը. եթե դա առողջ կազմվածք ունենար, կերթար իր ուսումը կատարելագործելու և մենք այսօր կունենայինք շատ նշանավոր մատենագիր։ Տկարությունը նրան կաշկանդեց, նա մնաց մի կետի վրա կանգնած. այսօր էլ նույնն է, ինչ որ էր երեսուն տարի առաջ. այդպես է նայում և ուրիշների վրա։ Այսուամենայնիվ Պռոշյանցը մեծ ծառայություն է մատուցել ազգային գրականությանը և կրթությանը, և ազգը պարտական է նրան պահպանելու, պարտական է ապահովելու նրա ծերության օրերը կենսաթոշակով։


VI


Նախընթաց երկու գլուխները միջանկյալ էին, դրանք կարող էին և չլինել,բայց ես օգտակար համարելով՝ դուրս չձգեցի։


346