Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/352

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հակառակորդս վեր կացավ և հիմա էլ սկսեց կռիվ։ Նա ինձ, խփեց,ես իրան, բոլոր ռուսներն իրար խառնվեցան և բոլորն էլ թափվեցան վրաս, որ գզգզեն։ Այդ միջոցին Միքայելս՝ չգիտեմ որտեղից՝ ճանկ գցեց մի ահագին մահակ և՝ տուր թե կտաս՝ մե՛կ սրան և մե՛կ նրան…


Այս կռիվն սպանությամբ կվերջանար, եթե մեջ չգային անտարբեր մարդիկ և մեզ չազատեին այդ բարբարոսների ձեռքից։ Մենք արդեն մոտեցել էինք Ստավրոպոլին, մյուս օրը կեսօրին պիտի հասնեինք, բայց այլևս հնարավոր չէր, որ դրանց հետ գնայինք։ Նույն գյուղումը մասնավոր կառք վարձեցինք և իսկույն ճանապարհ ընկանք։ Մեզ բերող պավոզկապանը իր վարձն ուզեց, բայց ոչ մի կոպեկ չտվինք. ինչ որ նրան պիտի տայինք, տվինք նորավարձ կառապանին, որ մեզ կարճ ճանապարհով թռցրեց մինչև Ստավրոպոլ։


Ռոստով որ հասանք, մեզ մոտ մնաց միայն 12 մանեթ…


Ես իմ վաստակած փողերս հորս էի տալիս, հույս ունենալով, որ երբ կարիք ունենամ, նա էլ ինձ կտա, բայց նա ոչինչ չտվեց, որ ես հնար չունենամ քաղաքից հեռանալ, այլ ստիպվիմ մնալ։


- Դու նորից ուզում ես գժվել, - ասաց հայրս, - ի՞նչ ունիս Ռուսաստան, այդ կորած աշխարհումը. ինչո՞ւ ես կորչում, որդի. տեղդ չի լա՞վ, թե՞ ռոճիկդ է քիչ, լսիր ինձ, այդպես բան մի անիր։


Մայրս էլ, որ միշտ ինձ էր պաշտպանում, այս բանումը համաձայն էր հորս ասածին։ Լաց էր լինում աղիողորմ և աղաչում,որ չերթամ։


Ես սկսեցի նրանց համոզել մեծամեծ խոստումներով, թե ես կերթամ ուսումս կկատարելագործեմ, մեծ մարդ կդառնամ, այնուհետև գյուղում քաշած նեղություններից կազատվինք, էլ յասավուլների երես չենք տեսնիլ, էլ մովրովը մեզ չի ծեծիլ, և այլ այս տեսակ բաներ, բայց նրանք չէին համոզվում, իրանց առջև չունեին մի այլ օրինակ, չգիտեին, որ այդպես բան կարող է լինել, ինձ վրա նայում էին դարձյալ իբրև անփորձ երեխայի վրա, կարոտ ծնողական խնամքի և հսկողության, չէին հավատում, որ իմ ունեցած ուսումս քիչ է, կարծում էին, թե ես եմ շինում բոլոր


352