Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/354

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որ առնվազն էլի մի 10 կոպեկ կարժենար, որ ասել է մեր վնասը ետ ստացանք։


Այդ ժամանակ Թայղանումը բնակում էր մի ավելի մեծ ձուկը, կատարյալ լևիաթան, որին կարող էինք ավելի թանկ ծախեր… հ. Այվազյանի վրա։ Դա էր աղա Հարություն Խալիպյանը։ Որպեսզի չասեն «աղան տանը չէ», ես մի թուղթ գրեցի, որի մեջ մեր նպատակը հայտնելով՝ խնդրեցի, որ մեզ ճամփի ծախք տա մինչև Թեոդոսիա և գրե հայր Այվազյանին, որ այդ փողը մեր վարձից դուրս դա։


Թուղթս ներս գնաց, ես մնացի կանգնած պատշգամբի վրա։ Մի քառորդ ժամից աղան դուրս եկավ և ուղղակի սկսեց հանդիմանել ինձ, թե ինչո՞ւ եմ յուր հանգիստը խանգարել այսպիսի մի հիմար թղթով։


- Իզուր եք բարկանում, - ասացի, - աղա՛, շատ իզուր. ես ձեզանից ողորմություն չեմ ուզում, այլ աշխատություն եմ առաջարկում. դուք տպարան ունիք, իսկ մենք գրաշար ենք. մենք խնդրում ենք, որ մեզ ուղարկեք ձեր տպարանումն աշխատելու։ Շա՜տ֊շատ դուք կարող եք ասել, որ ձեր տպարանումը տեղ չկա, գործ չկա․ իսկ ես հաստատ գիտեմ, որ կա և գրաշարների էլ կարոտություն կա։ Հայր Այվազյանը ձեզանից շատ շնորհակալ կլինի, որ մեզ ուղարկեք։ Մեր նպատակն այստեղ գալ չէր, ինչպես գրել եմ այդ թղթումը, այլ գնալ Մոսկվա, բայց բանն այսպես պատահեց, մեր ճանապարհածախքը հատավ…


Խալիպյանը, որ մի դաժան կերպարանքով ծերունի էր և հենց այդ դեմքը բավական էր, որ մարդ սարսափեր նրանից, բայց իմ համարձակ պատասխանը լսելով՝ հանգած հրդեհի պես թշթշաց, խեղճացավ և աթոռի վրա նստելով՝ մի րոպե մտածեց ինքն իրան և մի այսպիսի բան առաջարկեց, թե լավ չի՞ լինիլ արդյոք, որ հենց ուղղակի Մոսկվա գնանք․ և սկսեց հաշվել, թե որ ճանապարհով ավելի էժան կնստի։ Ես վախեցա, թե մի գուցե Նադիրյանցի պես սա էլ ետ առնի խոսքը, և Մոսկվա ուղարկելու պատրվակով և ոչ Թեոդոսիա ուղարկի, այլև օգուտ քաղելով իր մեղմանալուց ասացի.


- Աղա, Թեոդոսիա գնալն ավելի ձեռնտու է, որովհետև


354