Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/361

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հոգի էր միայն մեր սայլապանը, բայց ուներ յոթը սայլ մի-մի ձի լծած և կապած իրար ետևից ուղտերի նման։ Գիշեր էր և քունը տարել էր սայլապանի։ Երկինքը պայծառ էր և աստղալից։ Նայեցա մեծ արջ աստեղատանը և տեսա, որ մենք գնում ենք նրա հակառակ, այսինքն ոչ դեպի հյուսիս, այլ դեպի հարավ։ Զարթեցրի սայլապանին և ասացի. - Մեկ նայիր, ճանապարհդ չե՞ս կորցրել արդյոք. դու գնում ես դեպի հարավ, ետ ետ ես գնում։ - Ռուսը շուտ գլխի ընկավ, որ իրավ մոլորվել է։ Շեղվել էր մեծ ճանապարհից, որի ափերին տեղ-տեղ քարակույտեր կային իբրև ուղեցույցներ։ Սայլապանը վայրենու պես ապշած մնաց, թե ես ինչպես իմացա, որ կորցրել ենք ճանապարհը։


նոյեմբերի կեսին մենք հասանք Մոսկվա և իջանք մի դվորում։ Այո՛, հասանք վերջապես, բայց վա՜յ այնպես հասնելուն, ինչպես մենք հասանք։ Մերկացանք բոլորովին և՛ փողից, և՛ հագուստից, և՛ հացից։


Պետք է ասեմ, որ իմ սիրելի Միքայելը բնավորությամբ բոլորովին իմ հակապատկերն էր։ Մենք մի մագնիսի երկու հակառակ բևեռներն էինք։ Գուցե, էլ ի՞նչ գուցե, հենց այդ էր պատճառը մեր օրինակը չտեսնված առասպելական բարեկամության։ Ես դյուրագրգիռ էի, իսկ նա պաղարյուն. ես շռայլ էի, իսկ նա՝ խնայող. ես անխոհեմ էի և հանդուգն, իսկ նա՝ խոհեմ և համեստ, ես անհոգ էի, իսկ նա հոգացող։ Հասակով իրար հավասար էինք - թե տարիքով և թե բոյով։ Այս լավ հանգամանք էր, որովհետև միևնույն հագուստը երկուսիս համար էլ միակերպ հարմար էր գալիս, նույնիսկ մեր գլխարկներն ու կոշիկները։ Այս հանգամանքից մենք շատ անգամ էինք օգուտ քաղում։ Իմ բնավորության թույլ կողմերը ես չէի հավանում, իսկ նա բանի տեղ չէր դնում և տանում էր եղբայրական սիրով։ Նա նիհար էր և սակավամազ, բայց լերկ երեսին մի այնպիսի գեղեցիկ խալափունջ ուներ, որ արժեր իմ խիտ և երկայն մորուքին։ Ես ուսում ունեի որքան և իցե և վառ ուսումնասիրություն, գիտեի ռուսերեն բավական խոսել և քիչ շատ կարդալ, իսկ նա չուներ ուսման սեր, ավելի արվեստն էր սիրում, արվեստին նվիրված։ Նա չէր կարդում. ասում էր՝ միևնույն է, դու կարդում ես, հետո


361