Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/373

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յին տպարաններին— էջմիածնի, Ղարաբաղի և ներսիսյան դպրոցների տպարաններին»։ Սրանով ես ուզեցա նաև ուրախացնել իմ հեռավոր ծանոթներին և բարեկամներին։ Այս հայտարարուլթյունը շարեցի, սրբագրեցի և սպասեցի, որ տերտերն էլ իր գրածը բերի։ նա բերավ տվավ ինձ և սուս ու փուս դուրս գնաց։ Ես կարդացի, և ինչ եմ տեսնում. մի առա՜կ և շատ խայտառակ. եթե տպվի իմ հոդվածից հետո, բոլոր կարդացողներն այն եզրակացությանը պիտի գան, որ վերը գրված հայտարարությունը գլխովին սուտ է։ Ես չշարեցի այդ հիմար բանը, այլ միայն իմ դրի, և հրամայեցի տպել։ Տերտերը եկավ տեսավ իր ոտանավորը դեն եմ ձգել, շատ կարմրեց. չգիտեմ ամոթի՜ց, թե բարկությունից. երևի երկուսն էլ միասին կլինեին. բայց ոչինչ չխոսեց։ Այդ բանը ես պատմեցի Միքայելիս և նա այնպես վրդովվեց, որ չնայած իր պաղարյունությանը, ասաց կտրական. «էլ մի գնար այդ տպարանը, ես չեմ ուզում. դու ավելի իմ խաթրու ես գերի դառել դրանց, բայց ես հիմա արդեն ապահով եմ. Լեմանը ռոճիկս ավելացրեց. այժմ քսանըհինգ մանեթ է շինել ամսականս»։ Պետք է խոստովանիմ սակայն, որ ես Պատկանյանցի տանը շատ և շատ բան սովորեցի։ Այդտեղ միայն հասկացա, որ ջոկ բան է ուսումը, տաղանդը, և ջոկ' բարոյական զար

գացումը. և թե մեկը մյուսին կատարելագործում է' լավին դեպի լավն է տանում, վատին դեպի վատը։ Եթե, օրինակ, մի գիրք պարունակում է իր մեջ լավ և վատ տիպեր, լավի հակումով ընթերցողը ատում է վատերին և սիրում լավերին,իսկ վատ հակումն ունեցողը' դրա հակառակ' ծիծաղում է լավի վրա և աշխատում է նմանիլ վատերին։ ներկայումս էլ ես այդպես եմ համոզված։ Եթե մեկը չունի ազնիվ բնավորություն կամ ժառանգապես և կամ ինքնուրույն, մտավոր զարգացումը նրան չի ազնվացնիլ, այլ ավելի ևս կանազնըվացնե։ Սրա հակառակ ազնիվ բնավորություն ունեցողը որքան շատ զարգանա մտավորապես, այնքան շատ կազնվանա և կհասնի մինչև այլասիրության աստիճանին, որ ծայրն է բարոյական զարգացման։ Բարոյական հատկությունները նույնքան ժառանգական են, ինչքան և ֆիզիկականն ու մտավորը։

373