Չար ծառը բարի պտուղ տալ կարող չէ։ Ուսումնասիրեցեք մեկի ծնողաց անհատական հատկությունները, նրանցով կարող եք և նրանց ծնունդների մասին մոտավոո գաղափար կազմել։
XII
Պատկանյաններից որ հեռացա, ես կրկին դիմեցի ակադեմիայի տպարանը, բայց այս անգամ ինձ չընդունեցին: «Մեկ անգամ այստեղից դուրս եկողը կրկին այստեղ մտնելու իրավունք չունի», ասացին։ Հիրավի այս կարգը պահվում էր այստեղ։ Ռոճիկներից էլ մի հայտնի տոկոս պահվում էր խնայողական արկղում, որից կենսաթոշակ էին տալիս հետո` ծերացած և անկարող աշխատավորներին։ Գնացի Լեմանի մոտ, նա մի նամակ տվավ մի տպարանատիրոջ վրա և նա ինձ ընդունեց մեծ սիրով։ Գործս լավ էր գնում, բայց ուսումս կաղիկաղ. քիչ ժամանակ ունեի ինքնակրթությանս համար, դատարկ ռոմաններ էի կարդում և այն էլ պատահաբար և անխտիր։ Այս միջոցին մի կիրակի օր Միքայելս գնաց ժամ և այնտեղից մի լուր բերավ, թե Նազարյանցն ուզում է շարունակել «Հյուսիսափայլ»-ի տպագրությունը, որ քանի ամիս էր դադարած էր, բայց գրաշար չունի։ «Հյուսիս»-ից լսելով, որ մենք այստեղ ենq գրել է Մարտիրոս Սիմոնյանցին, որ մեզանից մեկնումեկին ուղարկե։ Նա խոսեց ինձ հետ.— ես չեմ կարող,— ասացի,— կհամոզեմ Ղազարոսին, որ երթա։
— Հիմա ի՞նչ կասես,— ասաց Միքայելս,— ես խորհուրդ եմ տալիս, որ գնաս. հոգ չէ, որ մենակ կմնամ։— Շատ լավ, բայց ես ինչպե՞ս գնամ այն մարդու մոտ. որ ինձ հետ խոսել անգամ չուզեց։
— Դու էն վախտն ուրիշ մարդ էիր, իսկ հիմա ուրիշ։ Ի՞նչ տեղից պիտի գիտենա, որ դու նույն մարդն ես, և եթե իմանա, ինքը պիտի ամաչի և ոչ դու։ Պայմանն էլ շատ ձեռնտու է։ Հազարին 20 կոպեկ, և երկու էլ աշակերտ պիտի տան։ Դու նրանց շուտ կսովորեցնես, նրանք կշարեն, իսկ դու քո ուսումը կշարունակես։
374