Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/376

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսկվայում մնացի 63 թվականի վերջերից մինչև 64-ի վերջերը և այդ փոքր ժամանակամիջոցը կարելի է համարել իմ մտավոր զարգացման ոսկեդարը։ Ինձ հանձնած աշակերտներին շատ շուտ սովորեցրի հայերեն կարդալ և շարել, թեև ռուսներ էին։ Սրանց վարձը տպարանն էր տալիս, բայց շարում էին ինձ համար։ Ես ժամանակ ունեցա իմ ինքնակրթությունս մի սիստեմի տակ ձգել, պարապել որոշ ծրագրով, գիտությունների տարերք ուսանելով։ Այս միջոցին մի զարմանալի օգնություն էլ, կարծես երկնից, հրաշքի նման ինքն իրան եկավ և ուղղակի իջավ գլխիս վրա, հեքիաթների «դովլաթ-ղուշի» ասված թռչունի նման, որ ում գլխին իջնում է, նրան են թագավոր շինում։ Մոսկվայի համալսարանից մի խումբ ռուս ուսանողներ ձրի դասատվություն էին անում զանազան գործարաններում եղած աշակերտներին և վարպետներին։ Ուսանողներն իրանք վարձ էին ստանում ուրիշ տեղից։ Սակայն ամեն գործարանատեր այդ բանն իրան ձեռնտու չէր համարում և թույլ չէր տալիս։ Բայց մեր տպարանի տերը, որ Մամոնտովն էր, ինքն ուսյալ մի երիտասարդ էր, հայտնի հարուստի որդի, ամենայն ուրախությամբ թույլ տվավ։ Դասագրքերն ևս ուսանողներն էին բերում և ձրի բաժանում։ Մեզ մոտ գալիս էին չորս հոգի, ամեն մեկն առանձին առարկայի համար։ Սկզբումը սովորողներս մինչև քսան հոգի էինք, որոնց մեջ ամենից հասակավորը ես էի։ Բայց հետզհետե կամեցողների թիվը նվազեց և ես մնացի մեն մենակ։

Ուսանողները ինձ վրա առանձին ուշադրություն էին դարձնում, և զարմացած էին մնացել, որ քսանչորս տարեկան մի երիտասարդ, որ նոր է սկսում սովորել, այս չափ դյուրաթեք, ճկուն ու դյուրըմբռնող միտք ունի։ նրանք ծանոթ չէին իմ անցյալի հետ և ես էլ չէի պատմում, ուզում էի, որ ամեն ինչ այբուբենից սովորեմ, թե՛ դասը և թե՛ դաս տալու եղանակը, որ ինձ համար նույնպես նոր էր։ Այս ուսանողները հմուտ էին ժամանակակից մանկավարժական գրականությանը, որ նոր էր զարգանում, հետևում էին նորագույն մեթոդներին, ունեին և դասատվության շնորհք։ Երբ որ մենակ մնացի, այլևս տպարան չեկան, այլ ուղղակի իմ սենյակս: Իրանք աղքատ էին և իրանց

376