ցը», մտածում էի ես և երևակայում էի, որ նրանցից էլ լավ կգրեմ։ Առաջ այսպիսի միտք չէր կարող պտտվել գլխումս։ Ներքին դրդումս էլ որ չլիներ, արտաքինը բավական էր, որ ես ձգտեի ինձանից թոթափել բանվորի ստրկական շղթան։ Մենակ մեր խմբագիրների տմարդի վարմունքը բավական էր, որ մի ազատասեր սրտի մեջ կրակ վառեր, առաք մղեր և այդ կախարդական շրջանից դուրս մղեր։ «Ի՞նչ հայեր են այստեղի հայերը, ասում էի ես. ինչպես կան ռսի նեմեցներ, ռսի ջհուդներ, նույնպես կան և ռսի հայեր. դրանց բոլորին միմյանցից զանազանել չես կարող բարոյական կողմից։ Մեկ հայ որ չաշխատի իրանով իր ազգի անունը բարձրացնել, նրա պատիվը պահել, պաշտպանել, նա ի՞նչ հայ է»։ Այս զգացումն ինձ մինչև դոնքիշոտության էր հասցնում. շատ բան անում էի միայն նրա համար, որ ինձանով իմ ազգի պատիվը չստորացնեմ, չասիլ տամ, թե Աղայանցը սովորական անպիտան հայերից մեկն է, այլ եթե հնար է, շտկեմ օտարներ. այդ ծուռ գաղափարը բնիկ հայերի մասին։ Այս զգացումն ու հավատը ինձ ազատում էր շատ գայթակղական և անբարոյական դեպքերից։ Օտարների շրջանի մեջ, ընկերներիս և ծանոթներիս մեջ, ազատ կանանց և օրիորդների մեջ ես հայտնի էի իբրև բարոյապես անբիծ և ազնիվ մարդ։ Շատ ուրախ էի, որ գնահատվում է իմ ներքին արժանավորությունը գոնե օտարների կողմից։ Շատ շատերից եմ ստացել նույնիսկ կանանցից և օրիորդներից իրանց լուսանկարը՝ քամակին գրած՝ «Նվիրում եմ Ղ․ Աղայանցին՝ եզակի շիտակ մարդուն» (единственному честному человеку)։ Այսպես՝ նախքան ինձ «շնորհալի» և «տաղանդավոր» տիտղոսներ տալը, տվել են «ազնիվ և շիտակ մարդու» տիտղոս, որով քիչ չեն խրախուսել և մխիթարել ինձ և ավելի ևս զարկ տվել իմ բարոյական զարգացմանը և շիտակությունը շինել ինձ համար արյուն և մարմին։
Մի պակասություն, որ այդ ժամանակ ես ունեի, այդ այն էր, որ ես իմ հարաբերությունը իսպառ կտրեցի տեղական հայերից, եկեղեցի էլ չէի գնում, որ նրանց երեսը չտեսնեմ։ Մեկ երկուսի հետ մոտ ծանոթանալով և մի քանիսին էլ միայն հեռվից դիտելով՝ բոլորի մասին կազմել էի մի այսպիսի
383