Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

- Մենք ամենքս, նույնիսկ երեխեքս, ձեզ սիրում ենք առանց ձեզ տեսնելու, բայց շատ նեղացած ենք ձեզանից, որ մեզ չեք այցելում. ամուսինս գանգատավոր է ձեզանից, ասում է՝ շատ անգամ եմ խնդրել, չի գալիս։ Ինչո՞ւ չեք գալիս։ Ես կխնդրեմ, որ կիրակի օրը անպատճառ գաք մեզ մոտ ճաշի։ Ես կպատրաստեմ հայկական կերակուրներ…


Ամբողջ կյանքումս չեմ կարող մոռանալ այդ ճաշը, ութ լաց ու խնդում իրար խառնված տևեց վեց ժամ։ Ի՜նչ ճառեր, ի՜նչ կենացներ։ Ես իմ ճառի մեջ ասացի՝ - Լացը կյանքի նշան է. նորածին երեխան երբ լաց է լինում, իսկույն, ամենքն էլ ուրախանում են, տեսնում են, որ կենդանի է։ Մենք հայերս դեռ չենք արժանացել այդ բախտին…


Տասներկու հոգի էինք․ ամենքն էլ լեհացի էին, միայն ես էի օտար։ Բայց այստեղ օտար չէի զգում ինձ, այնքան սրտանց էր ստացած համբույրներս։ Կարելի բան չէ, որ այսպիսի սիրո և աննախապաշար պատվի արժանանայի ես որևէ հայկական շրջանում։ Հայերը չէին սիրում միմյանց, փոխադարձ ատելությամբ էին վարակված, մինչդեռ լեհացիք… բայց թողնենք այս. ինչ համեմատություն, և որտեղից ո՞րտեղ։


Պետերբուրգ որ գնաց, դիմեցի Լեմանին, ասացի՝ եղբայրս շուտով կառողջանա և կգա,բայց ես տեղ չունիմ։ Իսկույն մի նամակ տվավ և ուղարկեց մի գեղարվեստական տպարան։ Տպարանատերը (Գոլովինը) ինձ մի առանձին սիրով ընդունեց, պատկերասեր մարդ էր. նա, ինչպես ես զգացի՝ սիրահարվեց իմ պատկերի վրա, համարելով կլասիկական տիպ, ցույց տվավ նաև իր կնոջը, որ նույնպես հափշտակվեց ինձանով։(Հիմա այդ պատկերի ստվերագիծն է միայն մնացել վրաս )։Ատդտեղ ինձ շինեցին գլխավոր գրաշար, այսինքն այնպիսի գրաշար, որ իր ձեռքի տակ ունենում է սոսկ շարողներ, իսկ երեսներն ինքն է շինում ճաշակավոր։ Այսպիսիներին ասում են մետրանպաժ, և անհամեմատ ավելի վարձ է ստանում, քան սոսկ շարողը։ Այստեղ ես լավ էի վարձատրվում, բայց գործը շատ աշխատանք էր պահանջում, իսկ ես ժամանակ չէի ունենում ինքնակրթությունս շարունակելու։ Կրկին անգամ գնացի Ակադեմիայի տպարանը, դիմեցի գլխավոր կառավարչին։ - Թեպետ, - ասացի, -


385