Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջնորդ մեր արարչի մատն է, այլ գերբնական զորություն մեզ ընդդիմանալ կարող չէ։

Այդ թշնամին է տգիտությունը: Երբ որ մենք խոսում ենք մասնավորի մասին, պիտի ասենք, որ դրա բարոյական վիճակը որքան որ յուր ոգեկան զորությունից կախում ունի, մի նույնքան և առավել ևս կախում ունի այն ընտանիքի և հասարակությունից, որո մեջ նա ծնել և ապրում է: Մարդս սոսկ իմացականությամբ չի կարող ապրիլ, նորան հարկավոր է և հաց: Ամեն մարդ աշխատում է հացի գին ունենալ։ Եթե հասարակության մեջ հացը առաքինությամբ է գնվում, ապա ամենեն առաքինին այստեղ խելոքը կհանդիսանար. իսկ եթե ընդհակառակն մոլությունն ունի արժեք, ապա ամենամոլին և եղեռնագործը խելոքը կհանդիսանար դարձյալ……… Արդարև այս մասին պետք է մի փոքր խոր մտածել և տեսնել, ի՞նչ բաների հետևանք է այս և այլ մոլությունը։ Զորօրինակ, ո՞վ է հարկադրում մարդու կեղծավորվիլ: Հայտնի է, որ տգիտությունը։ Երբ որ մի տգետ հացատեր սիրում է կեղծավորներին և ատում է ճշմարտախոսներին, այնուհետև քաղցած խելոքները հավաքվում են նորա գլխին և կեղծավորելով սկսում տզրուկի պես ծծել նորա արյունը. տգետը կարող չի կեղծավորվիլ, ըստ որում նորա սեփականությունը երկյուղն է։

Տգետ հասարակությունը առօրյա պահանջմունքից ստիպված հրավիրում է մի խելացի և առաքինի դաստիարակ, և միևնույն ժամանակ պահանջում է նորանից, որ նա յուր պես մտածե, յուր պես նստե վեր կենա, այսինքն՝ յուր պես տգետ լինի։

Տգետ հայրը ուրիշի օրինակեն թելադրված, ուսման է տալիս յուր որդուն, բայց որդին ուսման ճաշակն առնելեն զկնի, ընդհատվում է հոր օժանդակությունը միմիայն նորա համար, որ որդին այլապես սկսավ մտածել։ Տգետ տղամարդը ցանկանում է ուսումնական և խելացի կին ունենալ, ոչ հասկանալով, թե ինչ է ուսումը, այլ միայն անունի համար, որ ասեն այսինչ մարդը ուսումնական կին ունի, բայց հետո սկսում է սահմանափակել նորա մարդկային բարի ձգտողությունքը և հարկադրում է վարվել նորան այնպես, ինչպես բոլոր տգետ