տասներորդ մասը պիտի սովորեք։ - Հապա մնացա՞ծը, - հարցրեց։ - Մնացածն արդեն կգիտենաք, որովհետև ամեն մի հեղինակ գործ է ածում հայտնի չափով բառեր և դարձվածներ։ Գիրքը գլխե ի գլուխ նորանոր բառեր ու դարձվածներ չի պարունակում։ Սրա բոլոր հարստությունը տասներորդ մասումն արդեն վերջացած կլինի։
Եվ այդպես էլ եղավ: Մինչև գրքի կեսը որ հասանք, հայր սուրբն սկսեց ամեն ինչ թարգմանել առանց իմ օգնության։
Մտքի զարգացման համար ֆիզիկական պարապմունքը անհրաժեշտ պայման պետք է համարել։ Մեզանում ոչ միայն այս չկա, այլ որ ամենից վատն է՝ ուսանող ասված երիտասարդները իրանց ուսումն ավարտած են համարում այն հասակում, երբ նոր պիտի սկսեին ուսում առնել։ Գոնե շարունակեին իրանց ինքնակրթությունը մի նոր բան սովորելով, կամ սովորածը լավ յուրացնելու համար։ Վերջապես ինքնազարգացումը պետք է շարունակել անընդհատ, ինչպես գիտությունն ինքը զարգանում է անընդհատ։ Մի կետի վրա կանգ առնել՝ կնշանակե լճանալ, նեխել, կամ ընդարմանալ և քարանալ։ Սակայն մարդիկ կան, որ պարծենում են շարունակ միևնույն զուռնան փչելով։ Նոր սերնդին խորհուրդ կտայի դրանց օրինակով չվարակվել. այլ սովորել, սովորել, շարունակ սովորել և սովորեցնել միևնույն ժամանակ, շատից շատ, քչից քիչ։
XVI
Պետերբուրգի մտավոր կյանքի վերածնությունը, ինչպես ասացի, նման էր մի հեղեղի։ Դրա առաջը սկսեցին առնել 65 թվականի վերջերից և սկսվեց մի հետաշարժ ուղղություն։ Այդ ժամանակ ծանոթացա ես Միքայել Նալբանդյանցին, որ ազատություն ստացավ գեներալ Սուլթանշահի երաշխավորությամբ։ Այս մարդուն առաջին անգամ ես տեսել էի Թիֆլիզ, ուր եկել էր էջմիածին գնալու համար։ Այդ ժամանակ մենք հափշտակվեցանք նրա ճարտար հայախոսության վրա։ Գրական լեզվով մենք դեռևս թոթովում էինք. այդպես չէր Նալբանդյանցը, նրա լեզուն արդեն կազմակերպվել էր և խո-
401