Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/405

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Յաշան մնաց և տկարություն շատ քաշեց խեղճը։ Միքայելն ու ես տնտեսապես և բարոյապես անբաժան ընկեր էինք, իսկ Յաշային օգնում էինք իբրև ազնիվ ընկերոջ, նա ինքը ոչինչ խնայած չէր մեզանից երբեք։ Բայց ես ինչպե՞ս ասեի մեկին, թե այնպիսի մի ընկեր ունեմ և օգնում եմ նրան։ Այդ կհամարեին մի տեսակ մեծամտություն և սնափառություն իմ կողմից. պիտի ասեին՝ իր գլուխը չի կարողանում պահել, ուրիշների հոգսն էլ է քաշում, այն էլ մի օտարի։ Մեկ անգամ հարկադրված էի նույնիսկ պ. Եզյանին երթալ մի հինգ մանեթ ձեռքափոխ ուզելու կամ պարտք։ Պարոն Եզյանցը տվավ ինձ հինգ մանեթը, միևնույն ժամանակ հաշվեց իր ելքն ու մուտքր և ասաց, որ հազիվ ծայրը ծայրի է բերում, ինձ էլ պատվիրեց, որ հաշվով ապրեմ, եղած ժամանակ չշռայլել և հետո քաղցած նստել։ - Այս անգամ ներեցեք, - ասացի, - մյուս անգամ այդպես կանեմ։


Չնայած իմ նեղ վիճակին, ինձանից ավելի ևս նեղացած ուսանողներ կային. դրանք էլ ինձ էին դիմում օգնության, տնտեսական թշվառությունը մի սովորական երևույթ էր մեզ համար, չէինք հուսահատվում։ Մեկ անգամ մեկին փող չունեի որ տայի, ժամացույցս տվի, որ տանե գրավ դնե։ Վերջը թափել չկարողացանք, այնպես էլ կորավ։ Ես դերվիշի պես մեկից առնում և մյուսին էի տալիս, բայց ոչ ոք չգիտեր այդ բանը։ 67 թվականի սկզբում Յաշային տարա իր ծնողաց մոտ Մոսկվա։ Շատ ցուրտ էր, սարսափելի ցուրտ։ Տաք վերարկուս և թաղիքե ոտնամաններս հագցրի Յաշային, որ չմրսի, բայց ես մրսեցի այնպես, ինչպես ցրտահար եղած վարդենի։ Վերադարձա Պետերբուրգ ձայնս իսպառ կտրված, գույնս թռած, առույգությունս կորցրած։ Այլևս երգել չէի կարողանում և ռոճիկս ստանում էի ողորմության պես։ Միքայելի գնալուց հետո ես ինձ մի տեսակ որբացած զգացի, սկսեցի հայրենիքիս կար ոտը քաշել և մաշվել։ Զմեռր մոտենում էր և ես հույս չունեի, որ, գարունքին կարժանանամ, այնքան սաստիկ էր կարոտս։ Վեհազնը իր բժիշկներին ուղարկեց ինձ տեսնելու։ Եկան զննեցին և միաձայն վճռեցին, որ վերադառնամ հայրենիք, - եթե մնաք, չեք ապրիլ, ասացին․ - ձեր տկարությունը և ֆիզիկական է և հոգեկան։


405