Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/406

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վճռեցին եկեղեցուց երեք հարյուր մանեթ ճամփի ծախք ստանալ և ուղարկել հայրենիք։ Հենց այս միջոցին Պետերբուրգ հասավ նորընտիր Գեորգ կաթողիկոսը և իջավ Լազարյանի բնակարանումը։ Հետը բերել էր և Պետրոս եպիսկոպոսին ու Խորեն Գալֆայանին և իր թարգման Նիկողայոս Տեր-Հովսեփյանին։ Մանկունուն թողել էր Մոսկվայում։ Բերել էր և շաթիրներին, որոնք գորգի վրա գրած խոզի գլխների էին նմանվում։ Ինքը Լազարյանը դուրս էր եկել իր բնակարանից և տեղավորվել էր իր դստեր մոտ։ Դվորեցկին (պալատապետ) փնթփնթում և կատաղում էր, տեսնելով, որ պատվավոր հյուրերը փչացնում են թանկագին կահկարասիքը, չիմանալով ոչ նրանց պատիվը և ոչ գինը։ Հասարակ մահկանացուների համար անմատչելի պալատը դարձել էր մի հասարակաց պանդոկ, ուր անխտիր ներս ու դուրս էին անում ամեն կարգի մարդիկ։


Կաթողիկոսն ասել էր, թե ինչ է մտադիր անելու էջմիածնումը, թե մտադիր է վերանորոգելու և տպարանը և մի ամսագիր հրատարակելու։ Այս դեպքից օգուտ քաղելով՝ Սանասարյանը և Եզյանը մատնացույց են լինում ինձ և իմ Միքայելի վրա, վկայելով, որ մենք այդ գործին շատ հարմար ենք։


- Եթե այդ երիտասարդներին տանեք այնտեղ,, - ասել էր պ․ Սանասարյանցը, - ես էլ իմ կողմից, ինչ հարկավոր լինի թե՛ ձուլարանի և թե՛ տպարանի համար կհոգամ։ Մայրեր ունեմ մոտս, այն էլ կտամ։


Այստեղ ուշադրության արժանի է պ. Սանասարյանցի հեռատեսությունը, որով իր տալիք օգնությունը կապում է մեր այնտեղ լինելու հետ, շատ լավ իմանալով, որ ամեն օգնություն ապարդյուն կանցնի, եթե այնտեղ չլինեն գործին հմուտ մարդիկ։


Սրա վրա վեհափառը ինձ կանչեց մոտը, պատվիրեց, ոք երթամ Թիֆլիս, սպասեմ մինչև իր վերադարձը, խոստանալով, որ այնտեղից ինձ կտանե էջմիածին լավ ռոճիկով։ - Դե ապրե՛ս, տղա, - ասաց և աջը մեկնեց, ես համբուրեցի և դուրս եկա լուռ ու մունջ։


406