Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

XVII

Պետերբուրգից դուրս եկա 1867 թվականի վերջերին։ Երկաթուղին Պետերբուրգից մինչև Մոսկվա և այդտեղից մինչև Կոզլով էր։ Այդտեղից պետք է փոստով գնայինք։ Ընկերս մի օֆիցեր էր, Լյունդեկվիստ ազգանունով, որ բավական կարդացած և զարգացած մարդ էր։ Ճանապարհորդում էինք սանկայով. արթուն մնալու համար՝ ընկերս պատմում էր իր կարդացած հեղինակներից զանազան ռոմաններ։ Զարմանալի հիշողություն ուներ. Շեքսպիրի բոլոր դրամաները բերան գիտեր։ Մեզ հետ կային և կաբարդացիք, որոնք նույնպես Պետերբուրգից էին գալիս, այնտեղի կայսերական թիկնապահ գնդի ձիավորներից էին։ Նովոչերքասկից որ դուրս եկանք, ճանապարհին մեր առջև գնացող կաբարդացիք կանգնեցրին իրանց սանկան և սկսեցին իրանց լեզվով հարայ-հրոց բարձրացնել և գդակները գնդակի պես վեր-վեր նետել։ Մոտեցանք և հարցրինք պատճառը։—Հապա չե՞ք տեսնում,—ասացին,—նայեցեք, հրե՜ն հորիզոնի ծայրում մեր Էլբրուսը։

Տեսնելով հայրենի լեռան գագաթը, ուրախությունից չգիտեին, թե ինչ անեն։ Երկար ժամանակ լեռներից զուրկ մնալով՝ շատ էին կարոտել խեղճերը։ «Ուրեմն մենակ ես չեմ կարոտ քաշել,— ասացի ես մտքումս,— սրանք էլ են իմ օրում»։ Այստեղ պատկերացան իմ երևակայության մեջ հայրենիքիս ծաղկապատ լեռները, որոնց տեսությանը շուտով պիտի արժանանայի և փափագս առնեի՝ առատ-առատ ծծելով նրանց կենսատու օդը։

Շատ մարդիկ կան, որոնք իրանց վրա չեն փորձել, թե ինչ է քաղցը, ծարավը, փափագը, կարոտը, սերը և ուրիշ շատ զգացումներ։ Ուրիշի զավակի մահվան վրա ավելի նրանք են լաց լինում, որոնք փորձով գիտեն, թե ինչ է ծնողական կսկիծը. միտն են բերում իրանց զավակը և լալիս աղի արտասուքով։ Ընկերս ծիծաղեց չերքեզների ոգևորության վրա, իսկ ես նրանց հետ վեր-վեր կթռչեի, եթե չամաչեի…