Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տպել էր արդեն Միքայելը, ուրեմն գրավաճառի մոտ հալիք կունենայի։


Հասանք Թիֆլիս և իջանք Զուբալովի քարվանսարայումը։ Մյուս օրը գնարի գրավաճառի խանութը, որ ծախված գրքերիս փողն ստանամ և բերեմ վճարեմ պարտքս, որ 12 մանեթ էր։ Բանից դուրս եկավ, որ իմ անդրանիկ մտավոր ծնունդն ևս իմ պատանեկության օրն է ընկել։ Այստեղ միտս ընկավ Պետերբուրգի գրաքննիչ ծեքունի Բերոյանցի մարգարեությունը։ Երբ վեպս տարա նրա մոտ, որ գրաքննե, նա իր ձեռագիր հարուստ բառարանի թերթերը փռել էր դահլիճի մեջ, և չգիտեմ ի՞նչ էր ջոկջոկում։


- Այդ ի՞նչ ես գրել, - ասաց։


- Ոչինչ,- ասացի,- ազգային կյանքից մի վեպ է։


- Ազգայի՞ն կյանքից… - ասաց ծերունին ցաված սրտով։ - Ուրեմն ազգային թշվառություն կլինի անշուշտ։ Այո՛ , թշվառ է մեր ազգի կյանքը, շաթ թշվառ։ Տեսնո՞ւմ եք ահա այս թերթերը. հիսուն տարվա աշխատություններ են. հիսուն տարի շարունակ աշխատել եմ ես սրանց վրա, բայց գնահատող չկա, ոչ տպող կա, ոչ առնող, այսքա՜ն ամուլացած է մեր ազգի մեջ ուսումնասիրությունը, գրասիրությունը, չնայած որ միլիոնատեր հայեր ունենք։ Այս աշխատության գին չդնողները ի՞նչ գին պիտի դնեն քո վեպին։ Բե՛ր, բե՛ր ստորագրեմ։


Եվ ստորագրեց առանց կարդալու։


Ընկերս տպագրում է գրքերը՝ թղթի փողը հավաքելով բաժանորդագրությամբ, շարում է ինքը, իսկ տպագրության վարձը վճարելու համար գտնում է մի ազգասեր մարդ, որ էր երևանցի Աղաջան Թաղիանոսյանցը, նրանից փոխ է առնում մոտ մի հարյուր մանեթ և հազարի չափ գրքեր հանձնում իրան, թե՝ վաճառեցեք, ձեր փողը վերցրեք, իսկ մնացած գրքերը և ավելացած փողը հանձնեցեք հեղինակին։ Այս հանձնարարությունն անելուց հետո ինքը գնում է հայրենիք։ Մեր ազգասեր վաճառականը Ավետարանի քանքարաթաքույցի նման գրքերը փակում է իր սենյակում, իսկ ինքը գնում է Երևան։ Գնացի մոտը։ Մի ուրիշ մարդ էլ կար մոտը և ինչպես երևաց իր ընկերն էր։ Սովորական բարև-


409