Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/412

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պես դուք եք երևակայում, այլ ունի այն րոպեի քաղցրությունը, երբ մի մայր գրկում է յոթ տարով տարագրված որդուն»։

Տուն հասա թե չէ, թեև առաջուց էի իմաց տվել գալս և նախապատրաստել, չափից դուրս հուզվեցան ամենքը։ Հայրս, որ նույնիսկ իր զավակներին չհամբուրելու մի նախապաշարմունք ուներ, որովհետև Հուդան համբուրելով էր մատնել Քրիստոսին, այս նախապաշարմունքը ծնողական ծովացած կարոտի առջև ջարդուփշուր եղավ։ Ինձ առավ իր հսկայական բազուկների մեջ և սկսեց հեկեկալ երեխայի նման և համբույրների հեղեղ թափել։ Մորս հերթ չէր տալիս։ Խեղճ մայրս ժպիտը բերանին և արտասուքն աչքերին՝ կանչում էր, - Ա՜յ մարդ, երեխիս կսպանես, թող մեկ երեսին մտիկ տամ։ «Վա՜յ, ես քը մատաղ ինեմ, ե՜ս, անուշ բալաս, անջաղ մին եկա՜ր»… Հայրս բաց թողեց թե չէ՝ ես «ազի ջան» գոչելով ընկա մորս գիրկը և երեսս թաղեցի երկու հսկայական ծծերի արանքում։ Ամբողջ գյուղը հավաքվեց, որը ժպտում և որը լաց էր լինում ուրախությունից։

Մի զարմանալի գյուղ է մեր գյուղը․ իր բնակիչների սիրագորով մոր պես գրկած է պահում, չթողնելով ոչ ոքի պանդխտության երթալ։ Ես առաջին և վերջին պանդխտոթյուն քաշողն եմ մեր գյուղում։ Նույնիսկ Թիֆլիսումը չի կարողանում մնալ մեր գյուղացին, չունինք ոչ մի վաճառական և ոչ արհեստավոր քաղաքիս մեջ։ Նրանք նվիրված են իրանց գյուղի բերրի և արդյունավետ հողին ու ջրին, դուրս երթալու կարոտություն չունին։ Ինքը գյուղը Գուգարքի ակն ու մարգարիտն է։ Այդտեղ է եղել հին Գուգարքի բդեշխության մայրաքաղաքը։ Ամեն անգամ, երբ գնամ եմ մեր գյուղը, սրտիցս չի տալիս քաղաք գալ և չէի դալ, եթե ստիպողական պահանջ չունենայի։ Ամեն մարդ կսիրե իր ծննդավայրը, բայց այլ է սիրել և այլ հավանել հիանալ և զմայլել։ Մեր գյուղը զմայլելի է և հիանալի իր գեղեցիկ դիրքով և տեսարաններով։ Նախքան Ռուսաստան գնալս, ես այդ գեղեցկությունը չէի զգացել, որովհետև չունեի գեղեցկի ճաշակը, մանավանդ բնության վերաբերյալ։

412