Ինչպես հին հեքիաթներում հարսանիքն անում են յոթն օր և յոթը գիշեր, այնպիսի մի հարսանիք դարձավ մեր տունը ամբողջ յոթն օր և յոթը գիշեր։ Կեր ու խումին էլ հաշիվ չկար։
Այնպես էի սովորել ձրի հաց չուտելուն, որ հիմա շատ թվալի էր ինձ, որ կարող եմ կուշտ փորով հաց ուտել առլանց մի բան վճարելու, և մինչև անգամ ուրիշներին էլ
հյուրասիրել ամենայն առատությամբ։ Գյուղում սովորություն չկար որոշված ժամերում ճաշել կամ ընթրել։ Մեր սուփրեն առավոտվանից գրած էր մինչև կեսգիշեր, մեկը
նստում և մյուսը վեր էր կենում շարունակ։ Ով ասես գալիս է աչքալույս, մինչև հեռավոր գյուղերից անգամ, և ոչ միայն հայեր, այլև վրացիք և թուրքեր։ Հայրս հայտնի էր իբրև շատ հացով մարդ և շատ հյուրասեր, նրա եկող-գնացողներին թիվ չկար։ Մայրս չափավորություն էր սիրում, որովհետև նա էր եփողն ու թխողը։ Հայրս մեջ ուտում էր, ղրաղ ման գալիս։ Ամենի հետ ուտում և խմում էր հյուրերին օրինակ տալու համար։ Այսպիսի մարդ մեկ էլ Ալեքսանդրապոլ տեսա։ Դա բժշկապետ Ավետիք Բաբայանցի հայրն էր։
Իմ բացակայության ժամանակ բավական կոտրվել էին թե՛ հայրս և թե՛ մայրս։ Հայրս մեջքից կռացել էր և գավազան էր առել ձեռքը, կորցրել էր իր առաջվան ուրախությունն ու աշխույժը։ Բայը երբ տեսավ ինձ, երբ իմացավ, որ առաջիս մեծ ասպարեզ է բացվում հառաջ գնալու, երբ տեսավ, որ ես էլ այն չեմ, ինչ որ տպարանումն էի, հիմա կաթողիկոսներն են հրավիրում գործի և բարձր պաշտոնի - մեջքը շտկեց, գավազանը դեն ձգեց, վերանորոգվեց վաթսունյոթը տարեկան հասակում և առաջվա պես սկսեց իր Քյորօղլին երգել։
Թող ոչ ոք չզարմանա, աչքովս տեսած բանն եմ ասում։ Այստեղ պետք է մի հանգամանք ևս ավելացնել, որ ի նկատի ունենան բարի զավակ լինելու փափագ ունեցողները, մանավանդ նրանք, որոնք ռամիկ դասակարգիր ինտելիգենտ դառնալով մի առանձին արհամարհանքով են նայում իրանց արյունակիցների վրա։ Ես իմ հորս պատվում էի