Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Գնա, որդի, - ասաց հայրս, - բայց մենակ մի մնար, դռնե դուռը մի ընկնիր, աղջիկ ուզիր, քեզ համար տուն ու տեղ դիր։ Խեղճ աղջիկս քանի ողջ էր (Օսանան՝ Արությունի քույրը) քաղաքումը մեզ համար տուն ունեինք, հիմա գնում ենք թավլումն ենք վեր գալիս։ Մի՛ վախենար, ապրելուդ հոգսը շատ մի քաշիր, աստվածը ողորմած է, քո տարեկան հացն ու գինին այստեղից կուղարկեմ, մնացածն էլ դու կարող ես հոգալ։

Հայրս իմ սրտիցն էր ջուր խմում։ Ես արդեն այդպիսի մտադրություն ունեի. Պետերբուրգի ազատ կյանքը Թիֆլիսում վարել կարող չէի։ Դժվարն այն էր, որ դեռևս պաշտոն չունեի, էջմիածնից չէին պահանջում։ Մեր Մովսեսի (Վարդանյանց) մոտ էի բնակվում․ նա էր պահում ինձ իր բոլոր ծախքով, իմս միայն հորս ուղարկած հացն ու գինին էր, բայց ավելի ծախքի մեջ էր ձգում մեզ։ Ձրի գինի ունենալով՝ շուտ-շուտ հրավերներ էինք սարքում։ Ուզում էի գրաշարություն անել, բայց Մովսեսը չէր թողնում, նա իմ պատիվս ինձանից ավելի էր ուզում պահել։ - Գրաշարություն որ սկսես, - ասում էր, - էլ ոչ մի օրինավոր պաշտոն չեն տալ։ - Վնաս չունի, - ասացի, — թող չտան, ես պարապ կենալ կարող չեմ։ Մտա տպարան և միևնույն ժամանակ խնդիր տվի Ներսիսյան դպրոցի հոգաբարձությանը, որ ինձ ուսուցչության պաշտոն տան։ Մարտիրոս Սիմեոնյանցն արդեն վարժապետ էր այդտեղ, խնդիրս էլ նրա թելադրությամբ գրեցի։ Պ. էնֆիաճյանցն ուզում էր ինձ մտցնել «Մեղու»-ի խմբագրատունը, իբրև օգնական Սիմեոնյանցի, բայց հաջողություն չունեցավ։ Խմբագիրը չընդունեց։ Գրեցի Պետերբուրգ իմ անհաջողությունների մասին և այն էլ հիշեցի, թե ինչպես երևում է, վեհափառն իր խոստումը կատարելու մտադրություն չունի։ Պետերբուրգից բազմաթիվ նամակներ գրվեցին թե Թիֆլիս և թե էջմիածին, որով շատերը ուշադրությունը դարձրին ինձ վրա։

Միևնույն ժամանակ աղջիկ ուզելու միտքս չեմ հեռացնում ինձանից, և արդեն զանազան տեղերից միջնորդներ են գալիս մոտս մեծ-մեծ խոստումներով։

— Ես միջնորդով աղջիկ չեմ կարող ուզել, — ասացի,- իմ միջնորդը

416