Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես ինքս պիտի լինեմ։ Եվ այդպես էլ եղավ։

Մեկ իրիկնապահի ս․ Սարգսի զառիվերը բարձրանալիս դեմս ելան մի պառավ կին և մի սիրուն աղջիկ։ Փողոցի անհարթության պատճառով բանն այնպես պատահեց, որ ես ու աղջիկը դեմ առ դեմ եկանք, և ես նրանից հափշտակվելով՝ քարի պես արձանացա։ Աղջիկը նույնպես արձանացավ մի րոպեի չափ և շառագունելով՝ շուտ թեքվեց և արագացնելով քայլերը հասավ մոր ետևից, որ գնում էր գլուխը քաշ գցած և ով գիտե ինչ մտածմունքի մեջ ընկած։ Ես մնացի նրանց ետևից նայելիս։ Մայր ու աղջիկ ետ մտիկ տվին և ինձ նկատելով՝ իսկույն շրջեցին երեսները։ Ես մի քիչ ամաչեցի և շարունակեցի ճանապարհս։ Մեր հանդիպած տեղից մոտիկ ինձ ծանոթ խանութպան կար դուրսը կանգնած, և հեռվից նկատել էր մեր հանդիպումը։ Սրան հարցրի, թե ովքեր էին այն կինն ու աղջիկը։ Նա ասաց - այստեղից հեռու չէ նրանց տունը և այսինչ կինն է. հետո ավելացրեց. - հը՜ , կո՞ւլի բան ունիս մտքումդ, թե վուր աչքումդ դուր եկավ, գնա ու գնա, չիս փոշմնի, էն դադար ինձ օր ավելնա։ Քու արևն եմ ասում, էտ թահրն ախճիկ միր քաղքումր մե հատ չիս գթնի… ։


Ես ժպտացի և արագացրի քայլերս։ Գնացի իմ քեռակնոջ մոր մոտ, որ հենց նույն թաղումն էր կենում։ Սա մի շատ բարեպաշտ և հին հավատի պառավ էր։ Մեծ պասին չամչով էր չայ խմում և խստիվ պահպանում բոլոր պառավական կամավոր ծոմերն ու պասերը: Միևնույն ժամանակ մի շատ ժրաջան և աշխատասեր տանտիկին էր։ Ափսոս, որ բուն հայկական այս տիպերն անհայտացան մեր միջից և այդ տնարարների տեղը բռնեցին տնքանդները։ Ամեն անգամ, երբ սրա մոտ էի գնում, ինձ ստիպում էր, թե աղջիկ ուզի։ Այս անգամ էլ միևնույնը կրկնեց։ - Հիմա պիտի ուզեմ, - ասացի, - թե որ ինձ կօգնեք այս բանումը։ - Պատմեցի, թե ում եմ տեսել ու հավանել։ - Աղջիկ շատ եմ տեսել, - ասացի, - բայց ոչով սեր չի գցել սրտիս մեջ, իմ սիրտը կպավ էդ աղջկանը, էլ չի գջլվիր։


Պառավը ճանաչեց թե ով էր և ասաց՝

- Հա՜ , ապրի աչքդ, շատ լավ աղջիկ է, հալալ ծծկեր,

27 Ղ. Աղայան, Երկերի ժող. հ. IV

417