Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ունիք, քրեհ չեք տալիս, իսկ ես ամենևին ոչինչ չունեմ։ Լավ հագուստիս մտիկ մի տար, ջիբս դարտակ է. էգուց֊էլօր չասես, որ ես քեզ թանխեք տվի, խաբեցի։ Հենց ես եմ որ կամ, ոչինչ չունեմ։

- Էս ի՞նչ է ասում, քա՞ , - բացականչեց պառավը, - հանաք է անո՞ւմ, թե՞ դրուստ է խոսում։ Որ քու բանը էդպես է, որդի, էլ ինչո՞ւ ես իմ աղջկա մեղքի տակն ընկնում, նրա աչքը քեղ վրա գցում:

- Ի՞նչ վնաս ունի, ես նրա մեղքի տակը կընկնեմ, նա էլ իմ, էսպես յոլա կգնանք։

- Չէ, ախպեր, ես ղաբուլ չեմ, դու ուրիշ հանգի ես խոսում, երեսդ շատ է բաց. ես աղջիկ չունիմ դեն գցելու։ Քո ատրեսն էլ տուր մեկ հարցնեմ իմ բարեկամներին, տեսնեմ նրանք ինչ են ասում։

Անունս գրեցի տվի իրան և ասացի՝ - վաճառականները ինձ չեն ճանաչիր միայն վարժապետները կճանաչեն, եթե բարեկամ վարժապետ ունիք, տարեք նրան ցույց տվեք։

Տոմսակս ցույց էր տվել իր մոտիկ ազգական մի վարժապետի, նա էլ խորհուրդ էր տվել, որ առանց խոսելու աղջիկը տա ինձ։ Ասել էր՝ - ուղիղ է ասել, նա հիմա պաշտոն չունի, բայց շուտով կունենա։ Նրա պես ուսում առածներին տասը հազար են տալիս, բայց նա ուրիշ բնության տեր է, փողով աղջիկ չի ուզիլ և ոչ էլ հարուստների ետևից կընկնի։


Երեք օրվա մեջ ամեն բան պատրաստ էր։ Ես ու Մովսեսը մի ժամացույց և մի մատանի առանք և գնացինք նշան դրեք։ Նույն երեկոյին ես այլևս չէի ուզում հեռանալ նշանածիցս, բայց ինձ զոռով դուրս արին։ Մյուս երեկոյին գնացի, դուռը վրաս փակեցին, ինձ թողեցին ցրտումը։ Ես թաք կացա դուրսը․ քառորդ ժամ անցած՝ զոքանչս դուռը բաց արավ և գնաց խոհանոց, այդ միջոցին ես ինձ ներս գցեցի և ընկա նշանածիս ոտքերը և խնդրեցի նրա պաշտպանությունը։ Զոքանչս այդ աղջիկն ուներ միայն, երկու տղա էլ ուներ, բայց երկուսն էլ կորած էին՝ մեկը Ռուսաստանում և մյուսը հենց քաղաքի մեջ։ Երբ որ ներս եկավ զոքանչս և ինձ տեսավ, սաստիկ բարկացավ․ - ա՛ռ, - ասաց, -


419