բուն երևույթը մեկնեցին, որ որքան անհասկանալի եղավ, այնքան հաջողակ դուրս եկավ ասել է։ Եվ այսպես անում են հանճարավոր գիտնականները, վասն զի հասարակ մահկանացուք զուրկ են այդ տաղանդից։ Ինչ է խիղճը, եթե հարցանես այդ ճոռոմաբաններին, դարձյալ կպատասխանեն «Խիղճը, այդ սուր խթանը, որ բնությունը ամփոփել է մարդուս սրտի մեջ (անպատճառ սրտի մեջ), սիրտն եմ ասում, որ տունն է ամենայն առաքինությանը (իսկ մոլությունը ո՞ր պուճախումն է), որո մեջ… հասկացնում է մարդուս արարմանց վատությունը… »։ Եթե այդպես է, պատվելի, ապա ինչո՞ւ քո խիղճը չէ տանջվում քո այդ ստախոսությանդ և ճոռոմարանությանդ համար։ Երևի էնդուր համար, որ կարծում ես, թե այդպես է ուղիղը։ Եթե որ խիղճը կարծիքից կախում ունի, և կարծիքը մտքի արդյունքն է, մտքի զարգացման աստիճանից կախում ունի, ապա ուրեմն խիղճը ինքնըստինքյան մի բան չէ՝ ամեն մարդու սրտի մեջ միատեսակ ձևով գրված։
Չէ՞ որ կռապաշտը ճշմարիտ աստծուն չէ պաշտում և ոչ աստվածապաշտը կուռքերին. ինչ որ սուրբ է մեկի համար պիղծ է մյուսի, և ընդհակադարձն, և այս պատճառով ինչու համար տանջվում է մեկի խիղճը, հանգստանում է մյուսինը․ և ընդհակադարձն։ Եթե այդպես է, ապա ուրեմն այդ գործողությունքն ևս, որոնք թե′ մինի և թե′ մյուսի խիղճը կարող են միապես տանջել, դորա պատճառն էլ այն է, որ այդ գործողության մասին թե մինի և թե մյուսի կարծիքը միանման է։ Ինչպես կռապաշտներր կրոնական համոզմամբ, երբեմն աշխարհքն իրանց տված էին համարում և մարդկային սեռը առանց խղճահարության սրախողխող էին անում նույնպես և Դոմինիկյանք (հավատաքննիչները), դարձյալ կրոնական համոզմամբ, առանց խղճահարության՝ հրո ճարակ էին տալիս անհամար հոգիք։ Գործողության ազդեցությունը գործողի գաղափարից կախում ունի և ոչ գործողոթյունից։ Եթե գործողությունը չար է թվում կրողի համար, դորանից չի կարելի եզրափակել, որ պիտի չար թվի և գործողի համար։ Ո՞չ ապաքեն մայրը ցանկանում է, որ յուր զավակը խելացի և բարոյական մարդ դառնա, և կարծես