քո նշանը, դուրս կորիր իմ տանից, ես քեզ նման երեսբաց փեսա շեմ ուզիլ…
— Ինշո՞ւ եմ նշանս առնում, - ասացի, - հազիր նշանածըս կառնեմ ու հայդա, կփախչենք քեզանից…
Այստեղ նշանածս պաշտպանեց ինձ, ասելով. - դեդա, ես երեխա հո չեմ, ուրեմն հավատ չունե՞ս դու ինձ վրա։ Դու ավելի լավ կանես, որ ընթրիքի պատրաստություն տեսնես,
կարելի է քաղցած է (անունս չի տալիս)։
— Օ՜… շատ քաղցած եմ, շատ, էսօր թիքա չեմ դրել բերանումս, - բացականշեցի ես։
— Ա՜յ սատանա, - նկատեց զոքանչս և գնաց խոհանոց։
նշանածիս ձայնն ու խոսիլը առաջին անգամ լսեցի։ Մայրը որ դուրս գնաց, սա այլևս չխոսեց հետս։ Միտս ընկավ, որ խոսելն էլ մի առանձին ընծա արժե։ - Ես գիտեմ, - ասացի, - որ քեզ մի ընծա պիտի տամ, որ խոսես ինձ հետ, բայց ի՞նչ ընծա կարող եմ տալ, որ թանկ լինի ինձանից, ահա ես ոտով֊գլխով, հոգով֊մարմնով քեզ ընծա, - և սկսեցի համբույրներ ցողալ հրեշտակային քնքշությամբ։
- Դուք փոխանակ այդքան չարություն անելու, - խոսեց նշանածս, - ավելի լավ կանես, որ ինձ գիր սովրեցնես, թող այդ լինի քո ընծան։ Դու իմն ես ու իմը, քեզ ով կխլի ինձանից, դու պետք է քեզանից դուրս մի բան տաս ինձ։ Ինձ գիր սովրեցրու, որ քո գրածները կարդամ։ Ես գիտեմ վրացերեն գրել֊կարդալ, բայց հայերեն մեկ այբբեն գիտեմ միայն։
- Շատ ուրախ եմ, հոգիս, չափից դուրս ուրախ, որ այդպես սեր ունես կարդալու։ Ես մեկ շաբաթում քեզ կսովորեցնեմ օրինավոր գրել և կարդալ, միայն մեկ պայմանով, որ ինձ դուրս չանե մայրդ։
- Եթե խելոք կկենաս, մայրս բան չի ասիլ։
- Ազնիվ խոսք եմ տալիս քեզ, բայց չեմ կարող չփայփայել, չգուրգուրել քեզ, այդ մի հանցանք չէ։
Մյուս օրը տեղավորվեցի զոքանչիս մոտ։ Սկսեցի գիշեր-ցերեկ աշխատել տպարանումը, որ հարսանիքի համար փող պատրաստեմ։ Նշանածս էլ իր աշխատությունը կրկնապատկեց, միևնույն ժամանակ պատրաստում էր տված դասերս։ Անտարբեր չէր և զոքանչս, սա էլ իր հանգուցյալ ամուսնու