Ապսպրեցի հայրս եկավ հետը բերելով բոլ գինի և սկրսվեց հարբուխի թաղումը չտեսնված մի նոր հարսանիք։ Նորությունը նրանումն էր, որ առանց զուռնայի էր, դրա տեղր բռնել էին ազգային երդերն և տաղերը։ Հավաքված էր ժամանակակից ազգային ինտելիգենցիան, ո՛րը հրավերով և ո՞րն էլ առանց հրավերի անկեղծ բարեկամությունից թելադրված։ Խաչեղբայրս իմ սիրելի Մովսեսն էր։ Կյանքիս մեջ այնպիսի առիթներում աստիճանով ինձանից բարձր մարդկանց դիմած չեմ նրանց հովանավորությունը բարեկամական կապով ապահովելու համար։ Հարսանիքս դուրս եկավ իմ սպասածից շատ փառավոր։ Եվ այդպես ահա ես ամուսնացա 1868 թվի հոկետմբերի 22-ին օրիորդ Եփեմիա (նույնը և Փեփել) Մովսեսյան Տեր֊Հարությունյանցի հետ։
Այս անցքից հետո իմ խնդիրս հաջողվեց Ներսիսյան դպրոցում, բայց էջմիածնից էլ եկավ մի հրաման, որով պահանջում էին, որ ես անհապաղ երթամ, քանի որ խոսք եմ տվել վեհափառին և նրանից երեք հարյուր մանեթ ճանապարհածախք ստացել։
Սրբազան Մակար առաջնորդը կանչեց ինձ և ասաց.
- Վարժապետ ամեն ոք կարող է լինել, բայց ինչու համար որ դուք կանչված եք էջմիածին, այդ բանին հարմար և ընդունակ՝ բացի ձեզանից ոչ ոք չկա։ Երբ որ դուք կվերջացնեք այդ գործը, կպայծառացնեք էջմիածնի տպարանը, ձեր տեղը բռնող աշակերտներ կհասցնեք, այնուհետև դուք կվերադառնաք, այն ժամանակ իմ պարտականությունս լինի, որ ես ձեզ ոչ միայն վարժապետություն տամ, այլև ձեռնադրեմ և ուղղակի ավագ քահանայություն տամ քաղաքի ամենաարդյունաբեր մի եկեղեցում։
- Շնորհակալ եմ, - ասացի, - սրբազան հայր, որ այդքան բարի տրամադրություն ունեք դեպի ինձ, բայց ներեցեք, որ մի թեթև նկատողություն անեմ էջմիածնից ստացած հրամանի առիթով։ Այդ թուղթը մի քաղաքավարի հրավեր չէ, այլ հրաման։ Դրանից երևում է, որ եթե գնալու չլինեմ, ինձանից պետք է ետ պահանջվի իմ ստացած երեք հարյուր մանեթը, թեպետ այդ չէ ասված ներկա հրամանում։