Վեհափառը դեռ Պետերբուրգ չէր եկել, որ արդեն որոշել էին այդ գումարը տալու ինձ։ Ես կամովին մնացի նրա գալստյանը։
- Ինչի՞դ պետք է, որդի, թող իրանց վրա առնեն այն, ինչ ուրիշներն են արել։ Ես այդ մասին ավելի շատ բան գիտեմ գուցե։ Բայց քո ռոճիկդ որոշել են արդեն տարեկան
վեց հարյուր մանեթ, բնակարան, ուտելիք և վառելիթ, և այստեղից էլ ճանապարհածախք հիսուն մանեթ։ Քո ընկերն էլ ահա երեք ամիս է, որ այնտեղ է և քո գնալուն է սպասում։ Պետերբուրգից նույնպես ձեր գնալուն են и պասում, ոչինչ չեն ուղարկում այնտեղից և չեն ուղարկիլ մինչև դուք չգնաք. տեսնում եք, ուրեմն ես էլ գիտեմ մի քանի բան։
Ես համաձայնություն տվի և խոստացա մի շաբաթվա վրա ճանապարհ ընկնել։ Ես կատարեցի իմ խոստումս, կատարեցի այն բոլորը՝ տասնապատիկ առավելությամբ՝ ինչ պայման որ դրավ Մ. սրբազանը ինձ ձեռնադրելու համար. բայց նա, որ առասպելական հիշողություն ուներ, մոռացավ իր խոստումը և չկատարեց իր պայմանը շնորիվ միջանկյալ չարախոս աղվեսների։
(Վերջ առաջին մասի)
ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ
Նախաբան
Այս գործի առաջին մասը պարունակում է իր մեջ գլխավորապես իմ անհատական գործունեությունը, իսկ սույն երկրորդ մասի մեջ դրա վրա պետք է ավելանա և իմ հասարակական գործունեությունը։ Առաջին մասում ես միայն կրթում եմ ինձ, իսկ երկրորդում՝ կրթում եմ ուրիշներին, թե՛ իբրև ուսուցիչ և թե՛ իբրև գրող։ Պատշաճավոր տեղերում կմտնեն և առաջին մասում չհիշածներս։
Եթե մեկը մի որևէ օտար երկրում եղել է, նա խոսակցության մեջ՝ տեղի թե անտեղի՝ հիշում է ստեպ-ստեպ նույն տեղը, ասելով՝ օրինակ՝ «Երբ որ ես Պետերբուրգ էի…