Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պետերբուրգում եղած ժամանակ… Մեկ օր Պետերբուրգումը… Այդ բանը Պետերբուրգումը» …


Շատերի մեջ այս հատկությունը մինչև ծաղրականի է հասնում, իսկ կատակերգություններում այսպիսի տիպերը բավական զվարճացնում են հասարակությանը։ Պետք է գիտենալ սակայն, որ ամեն անհատ էլ այս հատկությունն ունի, միայն մեկը գործ է ածում պատշաճավոր տեղում, մյուսը՝ անպատշաճ։ Այս հանգամանքի շնորհիվ է, որ մենք մեր մեկ անգամ տեսածը չենք մոռանում։ Չեն մոռացվում միայն կրկնվող հիշողությունները։ Ասում ենք՝ «Միտս է, երբ ես դեռ երեխա էի»… Եթե այդ ժամանակից արդեն անցել է կես դարից ավելի, ինչո՞ւ է միտը։ Նրա համար, որ տարին տասն երկու ամիս նա այդ բանը կրկնում է - «Միտս է, երբ ես դեռ երեխա էի»…


Եթե հիշողությունները չեն մոռացվում միայն նրա համար, որ կրկնվում են շարունակ, ապա ուրեմն մոռացվում են չկրկնվողները։ Այս մոռացված հիշողություններն ևս կարող են վերակենդանանալ մեր մտքի մեջ, միայն դրա համար հարկավոր է, որ միտքը առօրյա հոգսերից ազատվի և ոգևորվի անցյալի հիշատակներով։ Այս էլ հոգեկան մի առանձին վիճակ է, որի մեջ շատ քիչ է ընկնում մարդ։ Սովորական երևույթը կրկնվել է, որ թե՛ բերանացի է լինում, թե՛ մտքով և թե՛ նույնիսկ երազի մեջ։ Արտաքին տպավորությունները մեր գագաթի մեջ ծովանալով շարունակ շարժման մեջ են, շարունակ տակ ու վեր են լինում։ Բարձր ոգևորությունը այդ ծովում փոթորիկ բարձրացնելն է։


Երբ մարդուս մտքի զարգանալը իր գագաթնակետին է հասնում և այդտեղից թեքվում է դեպի ցած, դեպի իր մուտքը՝ արևի նման, նա օրեցօր կորցնում է իր հիշողությունները։ Լավ է ուրեմն, որ մարդ այդ վիճակին չհասած գրի առնե իր հիշողությունները, գոնե իր գլխի անցքերը, իր ստացած տպավորությունները, իր տեսած գլխավոր դեպքերը։ Որքան լավ կլիներ, որ մենք շինովի և անճարակ թխված վեպերի տեղ այնպիսի գրվածքներ ունենայինք։ Թող լինի շինովի էլ, բան չենք ասիլ, եթե նա մի գեղարվեստական շենք լինի. բայց իրական կյանքի մասին ուղիղ


424