գաղափար կազմելու համար հարկավոր են ստուգապատում գրվածքներ։
Իմ այս գործը մեր գրականության մեջ առաջին փորձն է և իբրև առաջին՝ շատ հեռու է դեռևս կատարյալ լինելուց։ Անկատարության պատճառը այնքան իմ անձիս անկատարությունը չէ, որքան այն շրջանի, որի մեջ պետք է լույս ընծայեի ես մի այսպիսի բան։ Գրեցի այնպես և այնքան, ինչպես և ինչքան որ կարելի էր գրել այդ շրջանի համար։ Եթե տեսնեմ, որ մեր ընթերցող հասարակությունը լավագույնը
գնահատել գիտե, և ես էլ ողջ-առողջ կլինեմ, այն ժամանակ ես այն միևնույն բանը կգրեմ ուզածիս պես, կամ սրա պակասը կլրացնեմ ջոկ֊ջոկ արկածներով, «Իմ կյանքի արկածներից» վերնագրով։
I
Մակար սրբազանին խոսք տալուց հետո՝ ես պատրաստվեցի էջմիածին գնալու։ Գրեցի հորս, որ փոքր եղբորս ուղարկի, որ հետս տանեմ ուսում տամ։
- Ինձ էլ տար հետդ, - ասաց Մովսեսը, - ես այլևս չեմ ուզում իմ ներկա շրջանում մնալ, ուզում եմ քեզ հետ լինել։
- Շատ ուրախ կլինեմ, - ասացի։ - Միքայելն այնտեղ է. նա կլինի ձուլարանի վարպետ, դու տպարանի, իսկ ես կլինեմ իբրև կառավարիչ կամ տպարանապետ։ Հենց այդ մտքով էլ ինձ հրավիրում են։ Աշխատավորների ընտրությունը և վարձատրությունը ինձանից պիտի լինի կախված, քանի որ ես պիտի լինեմ գործի հատկության պատասխանատուն թե վանքի և թե ազգի առջև։
1868 թվականի ծննդյան պասը բռնելուց հետո ես ու Մովսեսը մեկ օր, ճաշելուց հետո, ճանապարհ ընկանք դեպի ս․ էջմիածին։ Այլևս չսպասեցի եղբորս գալստյանը։ Երեկոյան հասանք Կոդա, ուր և գիշերեցինք։ Նոր ուղին դեռ շինված չէր, խճուղի դեռ չկար։ Ճանապարհն այնպես ցեխ էր, որ մեր կառքի առջևից երկու ջուխտ գոմեշ լծել տվին, և
հազիվ կարողացան Կումսի փոսից դուրս բերել Կոդա։