Նոր արդեն հասել էինք, մեկ էլ տեսանք հայրս ներս եկավ եղբորս հետ։ Այդ ծերունի մարդը նույն օրը 66 վերստ ճանապարհ էր կտրել, ցեխ ճանապարհ և այն էլ ոտքով… Հենց որ մենք դուրս ենք եկել, նա ներս է մտել քաղաք, և իսկույն մեր ետևիցն ընկել, որ հասնի, ենթադրելով, որ նույն գիշերը չենք կարող Կոդայից հեռանալ, որ էլ կառքը կարող է ցեխ ճանապարհով այնպես արագ գնալ, որ ոտքով մեզ չհասնեն։
- Ամի՛, - ասացի, - դու շատ անգութ ես վարվել դեպի քեզ…
- Այո՛ , - պատասխանեց, - բայց էրեխիս համար, որ չգրկվի ուսումից։
Հայրս մեր գյուղում միակ մարդն էր, որ գիտեր ուսման հարգը, արհեստի նշանակությունը։ Երեխա ժամանակը ծնվել էր Գորի քաղաքում և այդտեղ էլ անցուցել իր պատանեկությունը։ Աշակերտ է եղել պղնձագործի մոտ, և շատ բան էր պատմում իր մանկության օրերից, իր աշակերտական կյանքից։ Շատ լավ մարդ էր վարպետս, - ասում էր հայրս, - բայց մանավանդ վարպետիս կինը, որ մի շատ խելոք տանտիկին էր։ Նրա խրատներից չեմ մոռանում այս խոսքը, որ շուտ շուտ ասում էր - Ստեփա՛ն, աշխատիր, որ Լափչիքդ ու քոշերդ տրեխ չդառնան, եթե ոչ՝ տրեխ էլ չես գտնիլ, որ հագնես։ - Երևի այս էր պատճառը, որ հայրս ոչ ինքն էր հագնում տրեխ և ոչ որդոցը հագցնում ։- Տրխի որ սովորեք, - ասում էր, - էլ լափչի հագնելու ձգտում չեք ունենալ։
Մեր կառքը դեռ ետ չէր դարձել։ Նրան մի մանեթ տվի, որ հորս տանե մինչև քաղաք։
Օրը կարճ և ցուրտ, գիշերը խավար, ճանապարհը տեղ ցեխ և տեղ՝ սառած։ Մենք յոթն օր ճանապարհ գնացինք և ծննդյան թաթախման երեկոյին հասանք Երևան։
Ճանապարհին ոչ մի լավ տպավորություն չզգացի, բացի զզվանքից, մանավանդ Դիլիջանի սարը բարձրանալիս հին՝ ձորամիջի ճանապարհով։ Այդ մազե կամուրջներից անցնելով
և Գեղամա լճեզրի բուք ու բորանից լավ ծեծվելուց հետո, երբ մոտեցանք Երևանին, իմ բոլոր նեղություններս մոռացա, երբ հանկարծ դեմս ելավ Մասիսը կեսից վեր ձյունով ծածկված։ Ես ոտքով էի գնում և կառքի առջևը։