Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մասիսը տեսնեվուն պես՝ ևս վեր-վեր չթռա կաբարդացոց նման, այլ տեղնուտեղ մեխվեցա, ինչպես մի ահեղ սրբության առջև, որին մոտենալ կարելի չէ կոշիկները չհանած։ Սարը խոսեց ինձ հետ, բայց ինչ որ ասաց, այդ կմնա իմ և նրա մեջր։ Այդ մի պատգամ էր և խորհրդավոր պատգամ, սուրբ և աստվածային, որ կարելի չէ լույս աշխարհ հանել նախքան ժամանակը։


Երևան որ հասանք, իջևանի պահողը մի լավ հայ էր. սա իր տանից ուղարկեց մեզ ճոխ ընթրիք - իշխանաձուկն, եփած և խորոված, ձու, և շատ լավ փլավ արշտով եփած։ Չէր մոռացել և երեք շիշ իրանց թունդ գինուց ուղարկել։ Այդ գինու բնությունը չգիտեի, մի քանի բաժակ որ խմեցի, գլուխս տաքացավ և կառքը լծել տվի, որ այն գիշեր հասնենք էջմիածին և առավոտուն ջրօրհնեքի հանդեսին ներկա լինենք։


Մեր կառապանն, ինչպես երևաց, խամ էր, Դալմի բաղերից մի քիչ անցած՝ ճանապարհը կորցրեց։ Ձյունը լցրել էր դար ու փոս և շինել մի հարթ մակերևույթ, որի վրա մարդկային հետք և նշան չէր երևում։ Շատ այս ու այն կողմ պտըտելուց հետո պատահեցանք մի պահնակի, ուր թուրք ձիավորներ կային իբրև ուղեպահներ։ Կանչեցինք, մի ձիավոր եկավ ընկավ առաջներս, բայց բավական հեռացրեց մեզ ոլոր֊մոլոր ճամփով։


Մի կողմից կասկածելով, թե միգուցե թուրք ձիավորը մեզ տանում է կողոպտելու համար մի տեղ, ուր թաքցրած ընկերներ ունի, մյուս կողմից էլ տեսնելով Մովսեսի և Սարգսի (եղբորս) դողդողալն ու սրթսրթալը ցրտից ու երկյուղից, կառապանին հրամայեցի, որ ետ դառնա եկած տեղով և մեզ կրկին Երևան հասցնե։ Այդպես էլ արավ, և մենք կես գիշերից անց կրկին իջանք Երևանի իջևանումը։


Մյուս առավոտը մեզանից նորից վարձ պահանջեցին էջմիածին տանելու համար։ - Ոչ թե վարձ, այլ սև քար կտամ ձեզ,- ասացի, - ես ձեզ ցույց կտամ, թե ինչ կնշանակե ցրտումը կոտորել մեզ։


Այդ օրր մնացինք Երևան և ես գանգատմեցի ուր հարկն էր ոչ թե նրա համար, որ կրկին վարձ չտամ, այլ որ ուշք դարձնեն այս հանգամանքի վրա և ուրիշներին

{Աջաթև|427}}