Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էլ մեր օրը չգցեն։


Այս դեպքը կարծես նրա համար պատահեց, որ նույն օրն առիթ ունենամ ծանոթանալու մեր գրականության մեջ ապագայում երևելի անուն հանած Մելիք֊Հակոբյանի հետ, այն է՝ Րաֆֆու։ Սա բազարումր պատահում է Մովսեսին, որի հետմոտիկ ծանոթություն ուներ, և իմ գալն իմանալով՝ իսկույն շտապում է ինձ մոտ, հետս ծանոթանալու համար։ Եկավ ծանոթացավ, սովորական հաճոյախոսություններ անելով իբրև նոր հեղինակի։ - Ես կարդացի, - ասաց, - ձեր «Արություն և Մանվելը» և ինձ վրա շատ խոր տպավորություն գործեց, այդպիսի դրվածք չկա մեր մեջ։


- Շնորհակալ եմ, - ասացի, - ես էլ ձեր «Խըլվըլիկը» կարդացի, որ Պետրոսի (Քաթանյանց) ձեռով ուղարկել էիք ինձ տեսնելու։ Նրանից կարելի է մի բան շինել, եթե աշխատեք։


- Այո՛, ես այդ ձեռագիրն ուղարկել էի պ. Նազարյանցին, նա ետ է ուղարկել մի քանի նկատողություններով, կաշխատեմ օգուտ քաղել թե նորա և թե ձեր խորհուրդներից։ Հուսով եմ, որ այսուհետև իրար հանդիպելու առիթ կունենանք, իսկ այսօր կխնդրեմ, որ միասին ճաշենք իմ ազգականիս տանը, ուր կծանոթանանք շատ հետաքրքրական մարդկանց հետ։


Ես ընդունեցի պ. Հակորի հրավերը և Մովսեսի հետ գընացինք ճաշի։ Ճշմարիտ որ շատ հետաքրքրական մարդիկ կային, այսինքն նշանավոր խաչագողներ և երևելի ավազակներ։ Այդտեղ էին, ի միջի այլոց, Եզնակենց Խաչատուրը և Սալմաստցանց Մկրտիչը։ Ամենքն էլ, առանց ծածկելու, պատմում էին իրանց կատարած քաջագործությունները, չէին ծածկում նաև, թե ինչպես էին կողոպտել նույնիսկ Մելիք-Հակոբյանի ապրանքը Թավրիզից բերելիս և նրան սնանկացրել։ Երբ որ սրանք դադարեցնում էին իրանց պատմությունը, Մելիք֊Հակոբյանր խոսում էր ժամանակակից գրականության վրա։ Նա քիչ բան էր ասում և շատ բան հարցնում, որ իմ կարծիքս իմանա և մի նոր բան սովորի։ Ես նրան ոչինչ չէի հարցնում, նրա կարծիքն ինձ համար արժեք չէր կարող ունենալ, այն էլ բավական էր, որ նա իմ ասածը


428