Jump to content

Էջ:Ghazaros Aghayan, Collected works, vol. 4 (Ղազարոս Աղայան, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բայը նրան հեռացրած էին պահում միաբանությունից, և հենը ինքն էլ չէր մոտենում մի միաբանության, որ իր ուզածը չէր։ Նա մի ծրագիր էր կազմում, իհարկե դեռ ծածուկ, թե ինչպես պետք է լինի կազմված միաբանությունը, որ կարողանա օգուտ տալ եկեղեցուն և ազգին։


Եղած միաբանությունը եթե անուսում էր, բայց այն լավ կողմն էլ ուներ, որ գտնվում էր նահապետական պարզության մեջ, պարզ սրտի և մտքի տեր էին, չէին ամբարել իրանց գլուխները հակագիտական գաղափարներով։ Չունեին ներքին ուսումն, չունեին և արտաքին, որով եթե զինված լինեին առանց ներքինի, ոչ մի բարի սերմ չէր կարելի բուսցնել դրանց մեջ, մինչդեռ այժմ ազատ լինելով՝ ընդունակ էին ամեն բարի խորհուրդ լսելու, ամեն առողջ միտք ընդունելու։ Թող քո քարոզածդ լիներ նորագույն մարդաբանական վարդապետություն, նրանք սիրով ընդունում էին, առանց ասելու, թե այդ հակառակ է Հայաստանյայց եկեղեցվո ուղիղ վարդապետությանը, ինչպես այդ անում են մեզանում շատ աշխարհական եզվիտներ, որոնց պարագլուխն է Մ․ Ա., որ իր չաստվածաբանությունն ուզում է աստվածաբանության տեղ ծախել, որով և մոլորեցնում է այժմյան միաբանությունը։


Էջմիածնի միաբանությունն իր այդ քրիստոնեական պարզությամբը ինձ շատ դուր եկավ։ Խոսակցության ժամանակ իմ հայտնած ամեն նոր միտք սիրով ընդունում էին և սեփականում, որ լուսավորվեն։ Այսպես էին նույնիսկ մեծ եպիսկոպոսները։ Եթե դրանց մեջ լիներ մի Այվազովսկի, մի Օրմանյան, ինձ չէին պահիլ էջմիածնում և ոչ մեկ օր։


Այս նկատողությունս հայտնեցի Արիստակես վարդապետին, որ երբեմն գալիս էր վանք։


- Շատ ուղիղ եք նկատել, - ասաց, - նույն նկատողությունը արել եմ և ես։ Բայց ինչքան լավ կլիներ, որ այդ ուղղությամբ դրանք փոքր-ինչ զարգացած լինեին։ Այժմ դրանք գտնվում են մի տեսակ խնամակալության և բռնության տակ, մինչդեռ եթե փոքր-ինչ զարգացած լինեին՝ բուն հայկական հոգվով մի ընտանիք կկազմեին։ Այժմ դրանց մեջ փոխադարձ սեր, փոխադարձ աջակցություն չկա, բաժան-բաժան անհատներ են,


431